Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետի ազգականը


Այսօր ձերբակալվել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին` Արման Դարբինյանը: Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը ժխտեց, թե ձերբակալությունն առնչվում է Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործին:

Դարբինյանը կասկածվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ. այսօր իրավապահները նրա մեքենայում փամփուշտներ են հայտնաբերել:

24-ամյա Արման Դարբինյանի մայրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց, որ իր որդուն բերման են ենթարկել երեկ Երեւանում. - «Սկզբից իրավապահ մարմինները վերցրել են մեքենայի բանալիները եւ մեքենան կանգնեցրել են ներքին գործերի նախարարության շենքում: Դրանից հետո իրենց ուղեկցությամբ Արմանը բերվել է Վանաձորի վարչություն... Այդ երեք ժամվա ընթացքում չեմ կարող ասել, թե իրավապահ մարմինները ինչեր կարող էին անել, որ բերեն Վանաձոր ու մեր մեքենայի բագաժնիկում հայտնաբերեն չորս պատրոն»:

Նա պնդեց նաեւ, թե այս ամենն արվում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին «քաղաքականապես չեզոքացնելու համար»:

Իր որդին կուսակցական չէ եւ «ոչ մի պաշտոն չունի». - «Աստված ոչ անի` պաշտոն ունենա Հայաստանում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG