Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյան. «Այլեւս նպատակահարմար չգտա Արզումանյանին կալանքի տակ պահելը»


Երեկ ուշ երեկոյան ազատ արձակված Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը փոխելու ցուցումը տվել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` այն բանից հետո, երբ Մոսկվա գործուղված քննչական խումբը զեկուցել է նյութերի մասին:

«Ցուցումը պայմանավորված էր նրանով, որ ես համոզվեցի, որ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում քրեական գործի շրջանակներում մեր իրավապահ մարմինների կողմից ամեն ինչ արվել է, բոլոր քննչական գործողությունները իրականացվել են», - «Ազատություն» ռադիոկայանի, «Հայոց Աշխարհ» եւ «Առավոտ» օրաթերթերի թղթակիցների հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Աղվան Հովսեփյանը: - «Մենք սպասում ենք մեր հանձնարարականի, իրավական միջնորդության պատասխանին Ռուսաստանի Դաշնությունից, որը, երեւի թե, տեւական ժամանակ կպահանջի»:

«Այս պայմաներում», - շարունակեց գլխավոր դատախազը, - «Արզումանյանին կալանքի տակ պահելը ես այլեւս նպատակահարմար չգտա»:

Հովսեփյանը ասաց նաեւ, որ առաջադրված մեղադրանքը նույնությամբ մնացել է, եւ նախկին արտգործնախարարը` որպես քրեական գործով մեղադրյալ:

Գլխավոր դատախազը չընդունեց Արզումանյանի բնորոշումը որպես «քաղբանտարկյալ»` փաստարկելով. - «Խոսել քաղաքական հետապնդման մասին, կարծում եմ, քրեական գործի շրջանակներում տեղին չէ, որովհետեւ բոլոր գործողությունները եւ որոշումները կայացված են հենց իրավական դաշտում»:

Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Մարկոսի նկատմամբ Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարած հետախուզումն ուժի մեջ է. գործն ուղարկված է Ռուսաստանի դատախազության վարույթ: Սկզբնական փուլում տվյալներ էին ձեռք բերել, թե գումարները Հայաստան փոխանցվել էին Մարկոսի միջոցով, սակայն հետագայում, Հովսեփյանի բնորոշմամբ` «ի հայտ եկավ մի անձ, որը խոստովանեց գումարների փոխանցումը իր միջոցով»: Խոսքը նույնպես մոսկվաբնակ Սաշիկ Աղազարյանի մասին է. - «Քրեական գործից ակնհայտորեն երեւում է, որ այդ անձը եւ Լեւոն Մարկոսը համատեղ ձեռնարկություն են ունեցել եւ աշխատել են միասին»:

Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր մայիսի 7-ին: Նախաքննական մարմինը երկու անգամ դատարանին միջնորդել էր խափանման միջոց ընտրել կալանքը` նշելով, որ նախկին արտգործնախարարը, ազատություն մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը, ավելին` նոր հանցագործություն կատարել:

Երեկ երեկոյան ազատ արձակվելուց անմիջապես հետո Արզումանյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` ասելով. - «Ես քնած էի, ինձ արթնացրել են, ասել են` գնա տուն: Ես գնում եմ տուն: Չորս ամիս է իմ երեխային չեմ համբուրել: Ինձ էլ ճիշտ հասկացեք»:

Այսօր էլ նախկին արտգործնախարարը չցանկացած հարցազրույց տալ:

Նրա փաստաբան Հովիկ Արսենյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Արզումանյանին «անազատության մեջ պահելու որեւէ հիմք չկար»:

«Այդ հոդվածի [որով մեղադրվում է Ալեքսանդր Արզումանյանը] դիսպոզիցիան հետեւյալն է` ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը, միջոցները լվանալ: Եթե դեռ առաջինը չկա` «ակնհայտ հանցավոր ճանապարհով», ի՞նչ լվանալու մասին է խոսքը»:


Ռուզան Խաչատրյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG