Մատչելիության հղումներ

Տնտեսական ազատությունների ցուցիչով Հայաստանը 32-րդն է աշխարհում


Լույս է տեսել Տնտեսական ազատությունների 2007 թվականի հետազոտությունը, եւ այս անգամ էլ Հայաստանը հայտնվել է բավական ընդարձակ տնտեսական ազատությունների աստիճան ունեցող երկրների թվում: Հայաստանը 32-րդ տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսին են Ֆրանսիան, Բելգիան եւ Իտալիան, ինչպես նաեւ իր անմիջական հարեւաններից` Վրաստանից, Ադրբեջանից եւ Թուրքիայից:

Հայաստանը բացարձակ առաջատարն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, իսկ ԱՊՀ-ի տարածքում Ղազախստանի հետ նույն միավորներով կիսում է առաջատարի դիրքերը:

Նախկին խորհրդային հանրապետություններից ամենաազատ տնտեսությունը ունի Էստոնիան, որը գրավել է 8-րդ տեղը: Ռուսաստանը 112-րդ տեղում է:

Տնտեսական ազատությունների հետազոտությունը անցկացվել է ամերիկացի տնտեսագետ, պրոֆեսոր Ջեյմս Գորդնիի եւ Ռոբերտ Լոուսոնի կողմից: Հետազոտությանը մասնակցել են «Ֆրեյզեր» ինստիտուտը եւ աշխարհի 71 այլ ինստիտուտներ, որոնք մտել են, այսպես կոչված, «տնտեսական ազատության ցանցի» մեջ:

Հետազոտությունը հիմնված է 2005 թվականի վիճակագրության վրա, թեեւ անցկացվել է 2007 թվականին:

Հեղինակները զգուշացնում են, որ տնտեսական ազատությունը ոչ մի դեպքում չպետք է շփոթել ժողովրդավարության առկայության հետ: Օրինակ` Ֆրանսիան եւ Բելգիան ավելի վատ ցուցանիշներ ունեն տնտեսական ազատությունների բնագավառում, քան Հայաստանն ու Ղազախստանը, սակայն շատ ավելի ազատ եւ բարեկեցիկ երկրներ են:

Բանն այն է, որ Ֆրանսիայի եւ Բելգիայի կառավարությունները շատ ակտիվ սոցիալական քաղաքականություն են վարում` բարձր հարկեր սահմանելով խոշոր կորպորացիաների եւ գործարարների նկատմամբ` հասարակության առավել աղքատ խավերին նպաստներ եւ բժշկական ապահովագրություն տրամադրելու նպատակով: Սա արդեն համարվում է տնտեսական ազատության սահմանափակում եւ համապատասխան ցուցանիշի իջեցում:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG