Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը «Ուշադիր լսեք» վերնագրի ներքո փոխանցում է. - «Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երեկ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ ներկայացուցիչների հետ եւ քննարկել ԱԺ առաջիկա նստաշրջանի հետ կապված հարցեր»: «Թերեւս պետք է ուշադիր ուսումնասիրել նստաշրջանի օրակարգը` հասկանալու համար, թե ինչ հանձնարարություններ է իջեցրել Քոչարյանը», - ենթադրում է թերթը:

«Տարեգիր» թերթի խմբագրականի համաձայն, ընտրությունները որքան մոտենում են, այնքան ակտիվանում են քաղաքական գործիչները, եւ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Հայաստանի նախագահի ընտրություններին ընդդիմությունը կունենա մեկից ավելի «միասնական» թեկնածուներ. - «Այդուհանդերձ, դժվար թե կրկնվի Ազգային ժողովի վերջին ընտրությունների պատկերը, որովհետեւ, ըստ ամենայնի, իշխանություններն էլ կունենան մեկից ավելի «միասնական» թեկնածուներ»։

«Իրավունք»-ը, իր հերթին, քաղաքական իրավիճակը նկարագրելով գրել է. - «Ինչպես եւ սպասելի էր, սեպտեմբերի սկիզբը դարձավ ապագա նախագահական ընտրություններում մասնակցության հայտերի մեկնարկը: Այսօր արդեն հնչեցված հայտարարություններից պարզ է, որ ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի փնտրտուքը հազիվ թե դրական ավարտ ունենա` մի շարք պատճառներով»: Դրանցից առաջինը, ըստ թերթի, «ազգային գեղեցիկ ավանդույթի համաձայն, նախագահ դառնալու հավակնություն ունեցող քաղաքական գործիչների եսապաշտությունն է». - «Ոչ ոք պատրաստ չէ զիջելու, քանզի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության անմիաբանության հետեւանքով փոշիացած գրեթե կես միլիոն ձայները հետեւանքների առումով ստեղծել են ինքնատիպ իրավիճակ, ընդդիմադիր կուսակցությունների միջեւ քվեների բաշխման գործընթացը չի հայտնաբերել բացահայտ առաջատարի»:

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը անդրադառնալով, ընդգծել է. - «Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին պահում է որպես այլընտրանք Սերժ Սարգսյանին՝ այն դեպքի համար, եթե Սերժ Սարգսյանը չկարողանա այս ընթացքում բոլորին ժպտալով մաքրել նախկին իմիջն ու ապացուցել, որ հենց ինքն է արժանի նախագահական ընտրություններում իշխանական միակ թեկնածուն լինելուն։ Կամ էլ՝ անհնազանդություն դրսեւորի, եւ Քոչարյանը կասկածներ ունենա նրա անձի հետ կապված»։ «Թերեւս նաեւ սա է պատճառը, որ ՀՀ վարչապետ դարձած Սերժ Սարգսյանը այսօր կաշվից դուրս է գալիս՝ աշխատելով արդարացնել իր վրա դրված բարձր վստահությունը ու ակնհայտորեն փորձում է դուր գալ բոլորին, ով պատահում է իր ճանապարհին», - որակել-ամփոփել է մեկնաբանը։

Պնդելով, որ մեկը մյուսի ետեւից նախագահական հավակնություններ դրսեւորող քաղաքական գործիչները կարեկցանքի են արժանի` «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականը առանձնացրել է. - «Անձամբ նախագահացուներին մենք նույնիսկ սիրում ենք։ Ճիշտ է, մի տեսակ չափից ավելի աղմկարար են, անդադրում, բայց ընդհանուր առմամբ՝ անվնաս, իրականությունից լրիվ կտրված։ Նախագահացուներից յուրաքանչյուրն իր գլխավորած կուսակցության մեջ թագավորի եւ աստծո միջեւ միջանկյալ ինչ-որ բան է, եւ նրանց հետ տեղի է ունենում այն, ինչն արդեն բազմիցս եղել է լիիշխան տիրակալների իրավիճակում հայտնված մարդկանց հետ, որոնց ոչ ոք չի կարող առարկել»։ «Իսկ դա կործանարար է ազդում պսիխիկայի վրա», - եզրակացրել է գլխավոր խմբագիրը՝ հավելելով. - «Միայն մի բան չեն հասկանում մեր առաջնորդները։ Եթե քեզ տանում են ձեռքերի վրա, մի՛ հրճվիր. հնարավոր է, որ թափորը շարժվում է դեպի գերեզմանոց»։

Վարկածներ առաջադրելով, թե Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու դեպքում ով կարող է բազմել վարչապետի աթոռին` «Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը թվարկել է. - «Նրա հաղթանակի դեպքում շոշափվում են մի շարք անուններ. քոչարյանական թիմից՝ Օսկանյան, Արմեն Գեւորգյան։ Մեջտեղում է Հովիկ Աբրահամյանը, որը ձեռնտու է թե' քոչարյանական եւ թե' սարգսյանական թեւերին»։ Ըստ մեկնաբանի, «այդ աթոռին հավակնում են նաեւ Կարեն Կարապետյանը եւ Գագիկ Աբրահամյանը՝ Արա Աբրահամյանի եղբայրը»։ «Վարչապետի ամենառեալ թեկնածուներից է համարվում նաեւ Արմեն Սարգսյանը։ Լոնդոնաբնակ։ Սա արդեն շատ հետաքրքիր պատմություն է, ու մենք նրա մասին մի քիչ երկար կպատմենք», - շեշտել է մեկնաբանն ու «սկզբի համար» նշել, որ «լոնդոնաբնակն արդեն իսկ ներկայացուցիչ ունի կառավարությունում՝ ի դեմս ՄԻԱԿ առաջնորդ, Սերժիկի ջահել-ջիվան խորհրդական Լեւոն Մարտիրոսյանի»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG