Մատչելիության հղումներ

Պյոտր Ղարիբյանը չի հեռացվի Պոլիտկովսկայայի սպանության գործի քննությունից


Երեկ երեկոյան Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հերքել է կարեւորագույն գործերով քննիչ Պյոտր Ղարիբյանին լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործի քննությունից հեռացնելու մասին լուրերը: Դատախազությունը տեղեկացրել է, որ Ղարիբյանի ղեկավարած քննչական բրիգադին կցվել է քննիչների եւս մեկ խումբ` կարեւորագույն գործերով քննիչ Սերգեյ Իվանովի գլխավորությամբ:

Հայտնի լրագրողի սպանության գործը հետաքննող եւ արդեն լուրջ հաջողություններ արձանագրած քննչական խմբի կազմում փոփոխությունների մասին տեղեկությունը ռուսաստանյան լրատվամիջոցները տարածեցին երեկ օրվա երկրորդ կեսին:

Ավելի վաղ մի շարք վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ եթե Ռուսաստանի գլխավոր դատախազության ամենափորձառու քննիչներից մեկը` Պյոտր Ղարիբյանը հեռացվի քննչական խմբի ղեկավարի պաշտոնից, դա կնշանակի, որ ռուսաստանյան իշխանությունները շահագրգռված չեն, որպեսզի հայտնաբերվեն լրագրողուհու սպանության պատվիրատուները:

Աննա Պոլիտկովսկայայի վերջին աշխատավայրում` «Նովայա գազետա»-ում եւս այս կարծիքին են եւ համոզված են, որ միայն հայազգի քննիչն է ի վիճակի բացահայտել գործը:

«Պյոտր Ղարիբյանը միշտ բացահայտել է իրեն բաժին հասած ծանր հանցագործությունները: Նա փայլուն վերլուծաբան է եւ հիանալի քննիչ: Եթե Ղարիբյանը մնա քննչական խմբի կազմում, հույս կա, որ գործը կբացահայտվի մինչեւ վերջ», - ասել էր թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG