Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ներկայացրել եմ այն, ինչ վաղուց արդեն հասունացել է»


«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր ինքնության, մեր անկախության, մեր անվտանգության առաջնահերթ խնդիրներից մեկն է, եւ մինչեւ հիմա համալիր հանրային քննարկում տեղի չի ունեցել», - հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում կայացած «կլոր սեղանի» ժամանակ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը վերաբերող իր օրենսդրական նախաձեռնությունը:

«Պարզապես ես ներկայացրել եմ այն, ինչ վաղուց արդեն հասունացել է` որպես հրապարակային քննարկման խնդիր», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: - «Մենք դիմել ենք նաեւ Ազգային ժողովում համապատասխան հանձնաժողովին, որ քննարկում կատարի, եւ ես կարծում եմ, որ սա կտա առիթը, որը բխում է թե’ ներքաղաքական, թե’ նաեւ միջազգային անցուդարձերից, որպեսզի Ազգային ժողովում ներկայացված ուժերը բացահայտեն իրենց տեսակետները: Նրանցից յուրաքանչյուրը ունի պատվիրաններ, քաղաքական պլատֆորմներ, եւ գրեթե յուրաքանչյուրը հավաստում է, որ ինքը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, անվտանգության, ազատության եւ ինքնիշխանության ճանաչման կողմնակիցն է»:

Նա կարծիք հայտնեց, որ «վաղուց արդեն ժամը հասունացել է, որպեսզի այս` մեզ համար առանցքային խնդիրը դուրս բերենք ստվերից եւ քննարկենք հրապարակավ»: «Եվ ես հույս ունեմ, որ իմ գործընկերները իսկապես լուրջ կվերաբերվեն այս հարցի քննարկմանը», - հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես ինքս` որպես Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար` նախագահ Տեր-Պետրոսյանի հետ մեկտեղ, մեր առաջին տարվա դիվանագիտության առանցքում դրել էինք Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդիրը, եւ դա բարձրացվում էր թե' հրապարակավ, թե' առանձին բանակցությունների ընթացքում», - ընդգծեց նա` հիշեցնելով. - «[Արտգործնախարարի պաշտոնում] իմ վերջին ասուլիսում ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային օրենքին համապատասխան արժանի է միջազգային հանրության ճանաչմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը պատկանում է միջազգային հանրությանը»:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, «այս նախագիծը բնավ էլ պատերազմի հրահրում չէ, ոչ էլ առանձին ինչ-որ անձնական կամ կուսակցական խնդիրներ լուծելու միջոց, այլ ընդհակառակը` մեր հիմնախնդիրները սեղանի վրա, ժողովրդի առաջ դնելու հրամայականի արտացոլանք»:

«Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում այլ պետությունների ճանաչումը գործադիր արարք է, բայց մենք գիտենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովը ձեռք է բերել ավելի ընդարձակ լիազորություններ, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը այնքան առանցքային է մեզ համար, որ նրա ճանաչումը մեր կողմից երբ որ լինի` պետք է կրի օրենքի ուժ», - ասաց նախկին արտգործնախարարը: - «Եվ եթե այս օրինագիծը քննարկվի, անցնի, ստանա օրենքի ուժ, հանրապետության նախագահը արդեն իր ստորագրությամբ գործադիր տեսք կտա դրան»:

Րաֆֆի Հովհաննիսյանը «խիստ տարօրինակ» համարեց օրինագծի նկատմամբ «այդ բնազդային, էմոցիոնալ հակազդեցությունը, որը արտահայտվեց մամուլում, զանգվածային լրատվամիջոցներում». - «Առանց որեւէ շրջանառության, հանձնաժողովի նիստ հրավիրելու` արդեն եղել են որակումներ, պիտակավորումներ եւ այլն, որը, իմ կարծիքով, անհարիր է պետական գործիչներին եւ հատկապես Ազգային ժողովի ղեկավար մարմինը ներկայացնող իմ գործընկերներին: Թե ինչո՞ւ է այդպես` ես կարծում եմ, որ կա այդտեղ այժմեական վերլուծություն` անձնական նախանձի հետ կապ, խնդիրներ, թե ո՞վ է ներկայացնում»:

Անդրադառնալով թիվ 15 ընտրատարածքում վերջերս անցկացված պատգամավորական լրացուցիչ ընտրություններին, մասնավորապես այն փաստին, որ պարտվելուց հետո պնդելով, որ ընտրությունն ընթացավ իրավախախտումներով, իշխանական լծակների չարաշահումներով` ինքը շնորհավորեց մրցակցին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց. - «Շնորհավորանքը եւ բարեմաղթանքը պետք չէ շփոթել քաղաքական եւ իրավական գնահատականի եւ վերլուծության հետ»:

«Կային խախտումներ, ոմանք ձեր` լրագրողների կողմից բացահայտված, եւ հարց է ծագում` սա թեկնածուի՞, իր փոքր խմբակցությա՞ն, թե՞ հասարակության խնդիրն է: Այսինքն, մենք ունենք իրավապահ մարմիններ, անվտանգության տղաները փոխանակ մեզ հետեւեին որտեղ որ գնում էինք` իրենց ստացած հրահանգներին ի կատար, կարող էին կանգնել եւ հազարավոր իրավախախտումներ արձանագրել` թե’ Ընտրական օրենսգրքի խախտումներ, թե’ քրեական` կաշառքներ եւ այլն», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով. - «Պատրանք տածել, որ մի նոր փոքրիկ խմբակցություն կարող է ինքը կազմել այդ ամբողջ արձանագրությունը, ներկայացնել, հատկապես երբ մեծամասամբ այդ ընտրախախտումները տեղի ունեցան այդ օրվանից շուտ, կարծում եմ, իրական չէ: Սա հասարակության պատասխանատվության խնդիրն է»:

«Ժառանգության» առաջնորդի համար այդ ընտրություններում «ուսանելի էր այն, որ օգտագործվեց իշխանական ողջ ուղղահայացը` վարչապետական, մարզպետական, քաղաքապետական, գյուղապետական». - «Այսինքն, կարող էին իշխանության մոտ ազատ, արդար ընտրությունների դաշտ ապահովել, այն էլ` նախագահական ընտրությունների նախաշեմին, բայց քաղաքական որոշում կայացրեցին` իջեցնել հրահանգը, արհամարհել ժողովրդին եւ մեծամասամբ ձայնավաճառման հրավիրել իշխանության կողմից սեփական քաղաքացիներին: Եվ այն, որ մենք վաստակել ենք 1000-ից ավելի անկաշառ ձայներ, ինձ համար մեծ արժեք է, որովհետեւ մեր նպատակը այս ընտրություններում քաղաքական այլընտրանք ներկայացնելն էր»:

«Ժառանգություն» կուսակցության եւ ընդդիմադիր ուժերի միջեւ հնարավոր ջրբաժանի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Կփորձեմ հակադարձ որակումներ չտալ: Մեր մամուլը ընթերցելու եւ ամենատարբեր հարցերի վերաբերյալ մեր քաղաքական գործիչների արտահայտություններին հետեւելու դեպքում` թե’ այս ընտրությունների, թե’ նոր օրինագծի վերաբերյալ, մի տեսակ վատ ես զգում, որ մենք այդ մակարդակի մտածողներ եւ արտահայտվողներ ունենք: Ես ողջունում եմ ցանկացած համատեղման ուղղված գործողություն կամ հավաք, բայց այսպես ածականներով, ինքնահավան արտահայտություններով, ուրիշին պախարակող ենթադրություններով որեւէ տեղ չենք հասնի»:

Վստահեցնելով, թե «որեւէ ջրբաժան չկա», «Ժառանգության» առաջնորդը, միաժամանակ, հավելեց. - «Թեեւ պետք է ասենք, որ մենք որ մտանք խորհրդարան, մենք ինքներս գոհ չէինք ո'չ մեր վարքից, ո'չ էլ գրանցված արդյունքներից, բայց ամեն դեպքում արձանագրեցինք այդ փաստը եւ որոշեցինք աշխատել: Եվ աշխատեցինք ամենատարբեր եղանակներով` թե’ քաղբանտարկյալների հարցով, թե’ «Ազատություն» ռադիոկայանի խնդրով: Ուրիշները փորձեցին դափնիները վերջին րոպեին իրենց վերագրել, բայց գործն արվեց, եւ այդ գործն է մեզ համար ամենակարեւորը: Մեզ համար կարեւոր չէր, որ այդ ընտրությունից հետո շատ քչերը գտան իրենց մեջ տղամարդկություն` հեռաձայնելու, ասելու, որ «ամեն դեպքում, շնորհավորում ենք ձեզ»:

«Ես կարծում եմ, որ նախանձը, խանդը տակավին մնում է քաղաքական կատեգորիա Հայաստանում, եւ դրա համար մենք մնում ենք փոքրիկ` մեր տարածքով եւ որակներով», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` համոզմունք հայտնելով, որ «դա պետք է հաղթահարվի անմիջապես»:


Աննա Իսրայելյան, Ռուզան Խաչատրյան, Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG