Մատչելիության հղումներ

Լրացավ իշխանուհի Դիանայի մահվան 10 տարին


Ճիշտ 10 տարի առաջ՝ 1997 թվականի օգոստոսի 31-ին, Փարիզում տեղի ունեցավ ավտովթար, որին զոհ դարձան Մեծ Բրիտանիայի թագաժառանգ, Ուելսի իշխան Չարլզի նախկին կինը՝ իշխանուհի Դիանան եւ նրա սիրեկանը՝ ծագումով եգիպտացի մեծահարուստ Մոհամեդ Ալ Ֆայեդի որդին՝ Դոդի Ալ Ֆայեդը:

Ողբերգական վթարի հանգամանքներն առայսօր շատերը համարում են կասկածելի եւ առեղծվածային. փորձելով ազատվել «պապարացիներից»` բարձրաստիճան ուղեւորներին փոխադրող Mercedes-Benz-W-140 մեքենան բախվել է ստորգետնյա ավտոթունելի սյանը եւ ջախջախվել: Զոհվել է նաեւ ղեկին նստած Անրի Պոլը:

Դիահերձման արդյունքների համաձայն, Պոլը մեքենան վարել էր անսթափ վիճակում: 4 ուղեւորներից եւ ոչ մեկն ամրագոտի չէր կապել: Վթարը վերապրել է միայն Դոդի Ալ Ֆայեդի անձնական թիկնապահը՝ Թրեւոր Ռիզ-Ջոնսը: Պոլը եւ Ալ Ֆայեդը տեղում են մահացել, իսկ Ուելսի իշխանուհուն բավական ուշացումով փոխադրել են Փարիզի «Պիտիե-Սալպետրիեր» հիվանդանոցի վերակենդանացման բաժին: 36-ամյա Դիանայի մահը բժիշկներն արձանագրել են առավոտյան ժամը 4-ին:

Դոդի Ալ Ֆայեդի հայրը մինչ օրս համոզված է, որ տեղի է ունեցել ոչ թե ավտովթար, այլ սպանություն, քանզի, նրա համոզմամբ, «Բրիտանիայում որոշ շրջանակների համար ընդունելի չէր այն, որ թագաժառանգի նախկին կինը կարող է ամուսնանալ մահմեդական Դոդիի հետ»:

Սակայն, ըստ մեկնաբանների, այդ թեզը հաստատող արժանահավատ փաստեր Մոհամեդ Ալ Ֆայեդը տակավին չի ներկայացրել:

Լեդի Դիանային հիշում են որպես գեղեցիկ, դժբախտ եւ բարի տիկնոջ, որը մարդասիրական ակտիվ գործունեություն է վարել:

Նրա հուղարկավորությունը` 1997 թվականի սեպտեմբերի 6-ին, համարվում է «ամենահայտնի հեռուստատեսային իրադարձություններից մեկը», որն ուղիղ եթերում դիտել է երկուեւկես միլիարդ մարդ:

Այսօր Լոնդոնում տեղի կունենան իշխանուհի Դիանայի մահվան 10-րդ տարելիցին նվիրված սգո արարողություններ, որոնց կմասնակցեն Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, նրանց որդին՝ արքայազն Չարլզը, նրա եւ Դիանայի զավակները՝ արքայազներ Ուիլյամը եւ Հարին, արքայական ընտանիքի անդամներ, վարչապետ Գորդոն Բրաունը, պետական պաշտոնյաներ եւ բարձրաստիճան հյուրեր:

Ենթադրվում է, որ արարողությանը ներկա չի լինի արքայազն Չարլզի ներկայիս կինը՝ Քորնուելի դքսուհի Քամիլան:

Նախատեսված են համերգներ եւ այլ միջոցառումներ, որոնցից ստացված շահույթը կփոխանցվի բարեգործական հիմնադրամներին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG