Մատչելիության հղումներ

Հայաստանում հեռախոսակապի սակագները բարձր են հարավկովկասյան մյուս երկրների, ԱՄՆ-ի եւ Մոսկվայի համեմատ


Հայաստանում հեռախոսային կապի սակագները ընդհանուր առմամբ ավելի բարձր են Հարավային Կովկասի մյուս պետությունների, Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի համեմատ: Այդ են վկայում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ուսումնասիրություն-զեկույցի արդյունքները:

Կենտրոնի փորձագետ Արմեն Թուրաջյանի խոսքերով, բավական բարձր են Հայաստանի քաղաքացիների հեռախոսակապի ծախսերը միջին աշխատավարձի համեմատ. - «Հայաստանի համար հեռախոսային ծախսերը կազմում են, միջինացված տվյալներով, 19,5 տոկոս` միջին աշխատավարձից ելնելով: Վրաստանի համար դա 22 տոկոս է` ամենաբարձր տոկոսը Վրաստանինն է, քանի որ այդ երկրում միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 115 դոլար, որը ամենացածրերից է մեր տարածաշրջանում: Ադրբեջանի համար դա 8,9 տոկոս է, Մոսկվայում` 4 տոկոս է, իսկ ԱՄՆ-ում` ընդամենը 0,7 տոկոս»:

Հայաստանցիները հեռախոսակապի վրա ծախսում են 38,4 դոլար` 197 դոլար միջին ամսական աշխատավարձի պայմաններում, Ադրբեջանում գրեթե նույն եկամուտի դեպքում հեռախոսային ծախսերը կրկնակի պակաս են` 17,4 դոլար, իսկ միջինը 3120 դոլար եկամուտ ունեցող ամերիկացին հեռախոսի վրա ծախսում է ամսական 23 դոլար:

Ուսումնասիրված երկրներից Հայաստանը միակն է, որտեղ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար գործում են ֆիքսված հեռախոսակապի ամսական բաժանորդային վճարի տարբեր սակագներ` համապատասխանաբար 3,26 եւ 6 դոլար: Ամսական բաժանորդային վճարի ցուցանիշով Հայաստանին գերազանցում է միայն Մոսկվան, որտեղ բաժանորդավճարը 9 դոլար է: Միացյալ Նահանգներում այն կազմում է 2 դոլար, իսկ Վրաստանում ու Ադրբեջանում` համապատասխանաբար 2,8 եւ 2,35 դոլար:

Զեկույցում նաեւ նշված է, որ Հայաստանում ամենից բարձրն է քաղաքային ցանցից դեպի շարժական կատարվող զանգերի գինը: Եթե Մոսկվայում քաղաքային հեռախոսից բջջային զանգահարելն արժե 6 սենթ, Ադրբեջանում եւ Միացյալ Նահանգներում` 10, իսկ Վրաստանում` 15 սենթ, ապա Հայաստանում քաղաքացին վճարում է 21 սենթ` «ԱրմենՏել»-ի, եւ 27 սենթ` «Վիվասել»-ի բջջային ցանցի բաժանորդի հետ խոսակցության մեկ րոպեի համար:

Հայաստանում Վրաստանի, Ադրբեջանի, Մոսկվայի եւ Միացյալ Նահանգների համեմատ ցածր է տեղական զանգի արժեքը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG