Մատչելիության հղումներ

Թալիբները ազատ են արձակել 8 հարավկորեացի պատանդի


Այսօր թալիբները ազատ են արձակել 8 հարավկորեացու, որոնք մոտ 6 շաբաթ շարունակ պատանդ էին պահվում Աֆղանստանում: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայությունը:

Ազատ արձակված պատանդներից 7-֊ը կանայք են, մեկը՝ տղամարդ: Կարմիր խաչի ներկայացուցիչների վկայությամբ՝ նրանց առողջական վիճակը բավարար է:

Հուլիսի 19-֊ին թալիբները պատանդ էին վերցրել 23 հարավկորեացու, ովքեր մարդասիրական աշխատանք էին կատարում Աֆղանստանում:

Պատանդներից երկուսին թալիբները սպանել էին, երբ լրացել էր աֆղանական կառավարությանը իրենց ներկայացրած պահանջների կատարման վերջնաժամկետը:

Օգոստոսի 13-ին թալիբները ազատ էին արձակել հարավկորեացի երկու վատառողջ կանանց:

Այս շաբաթ ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի թալիբները ազատ կարձակեն բոլոր պատանդներին, փոխարենը Հարավային Կորեան մինչեւ տարեվերջ դուրս կբերի իր զորքերը Աֆղանստանից, ինչը առանց այն էլ նախատեսված էր:

Բանակցողներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնել է, որ մնացած պատանդներին հնարավոր չի լինի ազատ արձակել մինչեւ վաղը, քանի որ նրանք գտնվում են հեռավոր վայրերում, իսկ թալիբները նրանց արագ տեղափոխելու միջոցներ չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG