Մատչելիության հղումներ

Արարատի ոսկու գործարանի վաճառքի հետ կապված գործարքը կավարտվի սեպտեմբերին


Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության՝ Ararat Gold Recovery Company (AGRC) վաճառքի հետ կապված գործարքը կավարտվի սեպտեմբերի 10-ից հետո: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց ռուսաստանյան «Արդյունաբերական ներդրողներ» ընկերության մամլո քարտուղար Օլեգ Ռումյանցեւը:

«Ցավոք, քանի դեռ գործարքը վերջնականապես չի կայացել, «Արդյունաբերական ներդրողներ» ընկերությունը չի կարող հաստատել կամ հերքել տեղեկատվությունը` ոչ գումարի, ոչ էլ տեղեկատվության հավաստիության տեսանկյունից: Բիզնեսում ամեն բան կարող է լինել, երբ գործարքը կնքվի, մենք հանդես կգանք հայտարարությամբ», - նշեց Ռումյանցեւը:

Վկայակոչելով «Արդյունաբերական ներդրողներ» ընկերության պաշտոնական կայքը, որոշ լրատվամիջներ այսօր հաղորդել էին, թե հնդկական Vedanta Resources ընկերությունը, որը Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության սեփականատերն է, տեղեկացրել է, որ ձեռնարկության 82,4 տոկոս բաժնեմասը անցնելու է վրացական «Մադնեուլի կվարցիտ» ընկերությունը, որը մտնում է ռուսական ընկերության կազմի մեջ: Հաղորդվում էր, որ գործարքի գինը 86 միլիոն դոլար է:

Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության փոխտնօրեն Վարդան Վարդանյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել իրավիճակը` հավելելով, թե «Արդյունաբերական ներդրողներ»-ի եւ հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալի «Vedanta Resourses» ընկերությունների միջեւ բանակցությունները ընթանում են Կանադայում:

Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը (AGRC) ստեղծվել է 1998-ին եւ շահագործում է Սոդքի եւ Մեղրաձորի հանքավայրերը:

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը օգոստոսի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Տնտեսական դատարան ընդդեմ «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ընկերության՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել ընկերության` հանքարդյունահանման հատուկ լիցենզիայով ձեռք բերված հանքային իրավունքը: Գլխավոր դատախազի տեղակալը խնդրել էր Տնտեսական դատարանին՝ ընկերությունից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամ եւ 10 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Սակայն օգոստոսի 20-ին Տնտեսական դատարանն այդպես էլ չէր քննել գործը, քանի որ ներկա չէին ոչ հայցվորը, ոչ էլ պատասխանողը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG