Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով կիրակի օրը թիվ 15 ընտրատարածքում կայացած պատգամավորի ընտրությունների արդյունքներին եւ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի` չորրորդ տեղում հայտնվելու փաստին, արձանագրել է. - «Առաջին հայացքից թվում է, թե տեղի ունեցածը միայն Հովհաննիսյանին է վերաբերում, քանի որ նա է ընտրություններում պարտվել: Իրականում թիվ 15-ում տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում ընտրապայքարը վերածվել է առեւտուրի: Այսինքն` ընտրողի կողմնորոշումը պայմանավորվում է նրանով, թե թեկնածուներից ով որքան է մեկ ձայնի համար վճարում»:

«Ազգ» թերթի մեկնաբանը, իր հերթին նույն թեմային անդրադառնալով` շեշտադրել է. - «Թալինի թիվ 15 ընտրատարածքի ընտրությունները մկանների ցուցադրման լրացուցիչ առիթ էին ՀՀԿ-ի համար: Ընդ որում` ձայների բաշխման թվացույցը եւս պատահական չէ, անկախ նրանից՝ այդպիսի պատկեր ստանալու համար նախապե՞ս էին աշխատել, վարչական ռեսուրսո՞վ, ընտրակաշառքո՞վ, թե՞ առանց դրանց»։ «Այնպես որ, մեծամասնաբար ՀՀԿ-ական հայրենի կառավարության համար կրկնակի ծախսն այս ընտրատարածքում տասնյակ անգամ ավելի գործնական նշանակություն ունի, եւ ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի հաղթանակը հեռուն նայող ակնարկ է», - բխեցրել է մեկնաբանը` եզրակացնելով. - «Հանրապետականն այս ընտրություններով հաջողված զինավարժություններ իրականացրեց` կասկածողներին ցույց տալով նախագահական ընտրություններին իր նախատրամադրվածության լրջության աստիճանը` ոչ ոքի ոչ մի զիջում»։

«Ժամանակ Երեւան» թերթի խմբագրականը, անդրադառնալով թիվ 15 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի տված գնահատականներին ու հաղթած թեկնածուին շնորհավորելու փաստին, գնահատել է. - «Ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է շնորհավորել ընտրակեղծիքներով ընտրված թեկնածուին։ Այսինքն՝ այժմ արդեն կարելի է ասել, որ եթե 2008 թվականի նախագահական ընտրություններում եւս Րաֆֆի Հովհաննիսյանը լինի թեկնածու եւ ստանա 3 տոկոս, ապա հենց հաջորդ օրը կշնորհավորի ընտրակեղծիքներով ընտրված իշխանության թեկնածուին, ինչը մինչեւ հիմա չի արել ոչ մի ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր նախագահի թեկնածու»։

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը որակելով իբրեւ «ողջ պետությանը նետված մարտահրավեր»` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը առանձնացրել է. - «Դատախազության, ազգային անվտանգության եւ ոստիկանության փորձառու աշխատակիցներին դժվարին փորձություն է սպասում հիշյալ հանցագործությունը բացահայտելու առումով։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ պատվիրված սպանությունները, որոնք սովորաբար պրոֆեսիոնալ մարդասպանների կողմից են կատարվում, ընդհանրապես դժվար բացահայտելի են։ Խնդիրն այն է, որ Ալբերտ Ղազարյանի ծառայողական գործունեությունը շատերի «կոշտուկներն է տրորել», շատերի չարաշահումները եւ այլ հանցագործությունները բացահայտել, հետեւաբար շատերի քինախնդրությանը կարող էր տեղիք տալ»։

«Առավոտ» թերթը, փոխանցելով Լոռու մարզային դատախազի սպանության նախօրեին մարզում տիրող իրավիճակին վանաձորցիների գնահատականը` նկարագրել է. - «Արդեն մի քանի տարի է, ինչ Լոռու մարզում պետական ապարատը առանձին բանակների է բաժանվել, եւ դրանցից ամեն մեկը փորձում է իր ազդեցությունը տարածել մյուսի վրա: Արդեն վաղուց մարզում դատախազություն - ոստիկանություն, դատախազություն - մարզպետարան, դատախազություն - քաղաքապետարան լուրջ հակասություններ են եղել: Ավելին, երբ թափուր էր մնացել Շիրակի մարզպետի պաշտոնը, վարչապետ Սերժ Սարգսյանը Ալբերտ Ղազարյանին առաջարկել էր դառնալ մարզպետ, քանի որ վերջինս ծնունդով նույն մարզից է»: Դրանով, ըստ թերթի վանաձորյան աղբյուրների, «վարչապետ Սերժ Սարգսյանը փորձել էր վերջ դնել մարզում պետական չինովնիկների՝ միմյանց նկատմամբ ատելությանը, քանի որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ վարչապետին ձեռնտու չէր, հակասությունների հսկայական շղթան ընդլայնվեր: Բայց դատախազը վարչապետի առաջարկին չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե ինքը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ չի կարող աշխատել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG