Մատչելիության հղումներ

Արթուր Աբրահամ. «Խորեն Գեւորը չպետք է մրցեր ինձ հետ»


«Խորեն Գեւորը չպետք է մրցեր ինձ հետ, քանի որ կարող էր չեմպիոնական մենամարտ անցկացնել նաեւ այլ վարկածներում, այդ թվում եւ անվանի բնցքամարտիկ Ջերմեյն Թեյլորի դեմ», - ասաց IBF վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Օգոստոսի 18-ին Արթուր Աբրահամը 11-րդ ռաունդում պարտության մատնեց հայազգի մեկ այլ բռնցքամարտիկի` Խորեն Գեւորին:

«Մենամարտն անչափ ծանր էր այն պարզ պատճառով, որ մրցակիցս հայազգի մարզիկ էր: Բոլոր հայ մարզիկներն էլ ուժեղ կամքի ուժ ունեն եւ պարտվել չեն սիրում», - նշեց Արթուր Աբրահամը:

Նա հայտնեց, որ մենամարտից հետո Խորենին մաղթել է հաջողություն պրոֆեսիոնալ ռինգում եւ մեծ հաղթանակներ, իսկ Խորենը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գեղեցիկ մենամարտի համար:

Արթուրի եղբայրը` Ալիկը, ով նույնպես բնցքամարտիկ է, շարունակում է հաղթանակներ տոնել IBF վարկածով մրցումներում: Ներկայումս նա իր քաշային կարգում 12-րդ տեղում է:

Արթուրն ու Ալիկը տարբեր քաշային կարգերում են հանդես գալիս, այդ իսկ պատճառով միմյանց հետ չեն կարող մրցել:

Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է այս տարվա դեկտեմբերին` Գերմանիայում, ինչից հետո փորձելու է մրցել նաեւ Միացյալ Նահանգներում եւ ձեռնոց նետել Ջերմեյն Թեյլորին: Նա չի բացառում, որ կարող է նաեւ փոխել քաշային կարգը:

Պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամն անցկացրել է 24 մենամարտ, տոնել նույնքան հաղթանակ, որից 19-ը` նոկաուտով:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG