Մատչելիության հղումներ

Պոլիտկովսկայայի սպանության գործով կան ձերբակալվածներ


Ռուսաստանցի ճանաչված հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով ձերբակալված է 10 կասկածյալ: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, առաջիկայում դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրելու:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ 3ուրի Չայկան այսօր նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «սպանության գործով կատարվող հետաքննության ընթացքում կա լուրջ առաջընթաց»:

«Այսօրվա դրությամբ, 10 քաղաքացի է ձերբակալված, եւ բառացիորեն ամենամոտ ապագայում նրանց կառաջադրվի այդ ծանր հանցագործությունը կատարելու մեղադրանք», - ասել է Չայկան:

Նրա խոսքերով, «ձերբակալվածների խմբում են նրանք, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են սպանությունը»: Միաժամանակ, Չայկան ասել է, թե «միայն Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվողները կարող էին շահագրգռված լինել այդ սպանությամբ»:

Գլխավոր դատախազի փոխանցմամբ, լրագրողի սպանության մեջ կասկածվող անձանց խմբում, «դժբախտաբար, եղել են նաեւ ներքին գործերի նախարարության եւ Անվտանգության դաշնային ծառայության նախկին եւ ներկայիս աշխատակիցներ»:

«Խումբը ղեկավարել է ծագումով չեչեն քրեական հեղինակություն, որը ղեկավարել է մոսկովյան քրեական խմբավորումներից մեկը», - ասել է Չայկան` հավելելով, թե նշված քրեական հեղինակությունը առնչություն ունի երեք տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ լրագրող Փոլ Խլեբնիկովի, ինչպես նաեւ անցյալ տարի տեղի ունեցած` Ռուսաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Անդրեյ Կոզլովի սպանությունների հետ:

Ծագումով ռուս ամերիկացի լրագրող, «Ֆորբս» հանդեսի ռուսական հրատարակության նախկին խմբագիր Խլեբնիկովը ժամանակին գիրք է գրել Բորիս Բերեզովսկու մասին` «Կրեմլի կնքահայրը» վերնագրով: Նրա մյուս գիրքը չեչեն զինյալ Խոջ-Ախմեդ Նուխաեւի հետ 15-ժամանոց զրույցի սղագրություն է. հեղինակը գիրքը վերնագրել է «Զրույց բարբարոսի հետ»:

Աննա Պոլիտկովսկայան, ով հետեւողականորեն քննադատել է Չեչնիայում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը` հատկապես մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում, անցած տարվա հոկտեմբերի 7-ին սպանվել է Մոսկվայում` իր բնակարանի մոտակայքում: Այս տարվա օգոստոսի 31-ին Պոլիտկովսկայան կնշեր ծննդյան 49-ամյակը:

Միջազգային հանրությունը, իրավապաշտպանները եւ լրագրողական կազմակերպությունները Աննա Պոլիտկովսկայայի սպանության կապակցությամբ մտահոգություն են հայտնել Ռուսաստանում մամուլի աշխատակիցների, մասնավորապես, Պուտինին քննադատող լրագրողների ֆիզիկական անվտանգության վերաբերյալ եւ Ռուսաստանի իշխանություններից պահանջել են բացահայտել ու պատժել մեղավորներին:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Պոլիտկովսկայայի սպանությունը ծանր հարված է հասցրել Ռուսաստանի միջազգային վարկին: Իրավիճակն այդ առումով է'լ ավելի է վատթարացել, երբ դրանից ընդամենը մի քանի շաբաթ անց Լոնդոնում ճառագայթումից մահացել է Ռուսաստանի անվտանգության ծառայության նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոն, ով իր կյանքի վերջին օրերին իր հիվանդության համար մեղադրել էր անձամբ Վլադիմիր Պուտինին:

Պուտինը «նողկալի հանցագործություն» էր անվանել Պոլիտկովսկայայի սպանությունը` ասելով, թե «այդ հանցագործությունն ավելի մեծ վնաս է հասցրել Ռուսաստանին, քան Պոլիտկովսկայայի հոդվածները»: Նա հավաստիացրել էր, որ Ռուսաստանի իրավապահները ջանք չեն խնայի սպանությունը բացահայտելու համար:

Լիտվինենկոյի թունավորմանը առնչություն ունենալու մեղադրանքը պաշտոնական Մոսկվան հերքել է: Բրիտանացի իրավապահները Լիտվինենկոյի սպանության մեջ կասկածում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մեկ այլ նախկին գործակալի` 0լեգ Լուգովոյին, եւ Մոսկվայից պահանջում են հանձնել կասկածյալին, ինչը ռուսական կողմը բացառում է:

Լուգովոյը կտրականապես հերքել է Լիտվինենկոյի սպանության հետ կապ ունենալու մեղադրանքը:


Արմեն Քոլոյան, Պրահա

(Լուսանկարում` Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկա)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG