Մատչելիության հղումներ

Արմատական իշխանափոխության խնդիրը Արամ Մանուկյանը կապում է Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվելու հետ


Հայաստանի անկախությանը նետված մարտահրավերներին դիմակայելու, արմատական իշխանափոխության խնդիրը Հայոց համազգային շարժման վարչության անդամ Արամ Մանուկյանը կապում է երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվելու հետ:

«Եթե կստացվի` ես շատ ուրախ կլինեմ: Ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ոչ թե Հայոց համազգային շարժման համար: Հայոց համազգային շարժումը այս շարժման մեջ, Աստված տա այն իրականացվի, կլինի մի մասը` միգուցե ակտիվ մասը, միգուցե մի քիչ կենտրոնում, բայց շարքի մեջ կլինի մեկը», - հայտարարեց Մանուկյանը այսօր կայացած ասուլիսում:

ՀՀՇ-ի ղեկավար անդամը վստահեցրեց, որ Տեր-Պետրոսյանը «չի լինելու Հայոց համազգային շարժման նախագահը». - «Եթե նա ընտրվեց, առաջադրվեց` լինելու է բազմաթիվ կուսակցությունների, բազմաթիվ քաղաքական ուժերի առաջադրումով եւ նրանց աջակցությամբ: Նա լինելու է Հայաստանի Հանրապետության նախագահը»:

Ասուլիսի ժամանակ Արամ Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ անկախ պետության հիմնասյուները, որոնք Խորհրդային միության փլուզումից մոտ մեկուկես տարի առաջ` 1990 թվականի օգոստոսի 23-ին, դեռ խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ամրագրեց Անկախության հռչակագրով, առաջին երեք տարում արդեն դրված էին. - «Սեփական դրամը, մաքսային համակարգը, զինված ուժերը, պաշտպանական համակարգը, կուսակցությունները, ազատ մամուլը` դրանք բոլորը անշրջելի են, կատարված են, եւ վերջնական կատարված են: Այլ բան է, թե ինչքանո՞վ են նրանք իրենց առաքելությունը, գործառույթը իրականացնում: Այստեղ մենք կաղում ենք, կաղում ենք շատ, գնալով այդ կաղալը շատանում է»:

Մանուկյանը, ով 17 տարի առաջ խորհրդարանում ընթերցել էր Անկախության հռչակագիրը, հայտարարեց նաեւ, թե այն ժամանակ անկախությանը դեմ էին միայն կոմունիստները եւ դաշնակցականները: Նրա պնդմամբ, «Դաշնակցությունը միշտ դեմ է եղել Հայաստանի անկախությանը, որովհետեւ Դաշնակցությունը Հայ դատի խնդիրների լուծումը, ցեղասպանության ճանաչումը եւ հողերի վերադարձը միշտ կապել է եւ տեսնում էր այլ երկրների հետ` մասնավորապես, Սովետական միության, այժմ` Ռուսաստանի հետ, որովհետեւ միշտ նրանք հաշվարկել են, որ Հայաստանը իր ուժերով, իր հնարավորություններով ու մենակ ցեղասպանության եւ Հայ դատի խնդիրները լուծել չի կարող»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG