Մատչելիության հղումներ

«Թըրքիշ դեյլի նյուս». «Բրայզային եւ Բարանին մերձեցնում է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին նվիրվածությունը»


«Զեյնոյին եւ Մեթին առավել մերձեցնում է Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին ընդհանուր նվիրվածությունը». - վաշինգտոնյան վերլուծաբանի այս խոսքերն է մեջբերում «Թըրքիշ դեյլի նյուս»-ը` անդրադառնալով Վաշինգտոնի Հադզընի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի այսօր կայանալիք հարսանիքին:

Թերթի փոխանցմամբ, Բրայզան համարվում է թուրքամետ գործիչ, քանի որ դեռ 2005 թվականին Անկարա կատարած իր առաջին այցի ժամանակ բացահայտորեն հայտարարել էր, թե 1915-19 թվականներին տեղի ունեցած հայերի սպանդը չի կարող ցեղասպանություն կոչվել:

«Թըրքիշ դեյլի նյուս»-ը տեղեկացում է, որ Բարանի եւ Բրայզայի սիրո պատմությունը սկսվել է 1990-ականներից, երբ նրանք ավարտել են Սթանֆորդի համալսարանը: Երկար տարիներ նրանք ապրել են քաղաքացիական ամուսնությամբ: Բրայզայի եւ Բարանի ընդհանուր հետաքրքրությունները կենտրոնացած են կովկասյան եւ էներգետիկ քաղաքականության վրա: Այնուհանդերձ, Բարանը պնդում է, թե իրենք տանը գործի մասին չեն խոսում:

Նույն 1990-ականներին Բրայզան Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի նախագծի եւ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսական բարեփոխումներին ուղղված ամերիկյան կառավարության օժանդակության ծրագրերի գծով Պետդեպարտամենտի հատուկ համակարգող, դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հատուկ խորհրդականն էր, իսկ Բարանը նավթամուղի հարցերով է զբաղվել Վաշինգտոնում գործող Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:

1999-2002 թվականներին Զեյնո Բարանը զբաղեցրել է նույն կենտրոնի Կովկասյան նախագծի տնօրենի պաշտոնը: 2003 թվականին Նիքսոն կենտրոնում նա ղեկավարել է միջազգային անվտանգության եւ էներգետիկ ծրագրերը, սակայն ազատվել է այդ պաշտոնից` անչափ ագրեսիվ թուրքամետ գործունեության համար. ինչպես պարզաբանել է ինստիտուտի տնօրենը` «ինստիտուտը կարիք ունի վերլուծաբանի եւ ոչ քարոզչի»:

Հադզընի ինստիտուտի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրենի պաշտոնը Բարանը զբաղեցնում է 2006 թվականից:

Ըստ թերթի, Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավորները հազիվ թե մասնակցեն այսօրվա հարսանիքին, քանի որ Բարանը հայտնի է այդ երկրում հնարավոր ռազմական հեղաշրջման մասին իր արտահայտություններով: Բացի այդ, իշխող կուսակցությունից որոշ պաշտոնյաներ հակված են հենց Մեթյու Բրայզայի ջանքերով բացատրել այն սկզբնական չեզոք դիրքորոշումը, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դրսեւորեց թուրքական զինվորականության ապրիլի 27-ի հայտարարության նկատմամբ, որում Էրդողանի կառավարությունը քննադատվում էր աշխարհիկ չլինելու մեջ:

Զույգը նույնիսկ հրավեր չի հղել իշխող կուսակցության անդամներին: Հակառակ դրան` հարսանիքին, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ընդդիմադիր Ժողովրդական - հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

Թերթը տեղեկացնում է նաեւ, որ Մեթյու Բրայզան լեհական ծագում ունի եւ սահուն խոսում է լեհերեն եւ ռուսերեն:

(Լուսանկարում` Զեյնո Բարան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG