Մատչելիության հղումներ

Ամերիկացի փորձագետների համոզմամբ` աշխարհն ավելի վտանգավոր է դառնում


Աշխարհն ավելի վտանգավոր է դառնում, իսկ Միացյալ Նահանգների առջեւ ծառացած մարտահրավերները չեն նվազում: Այս տեսակետին են արտաքին հարաբերությունների գծով ամերիկյան ամենահեղինակավոր ավելի քան 100 վերլուծաբանները, որոնց շրջանում հարցում է անցկացրել Foreign Policy հանդեսը:

Իրավիճակը միջազգային ասպարեզում առաջիկա տարիներին կշարունակի լարված մնալ` համոզված են ամերիկացի փորձագետները: Նրանց կարծիքով, օրինակ, «Ալ Քաեդա» ցանցը առաջիկայում ոչ միայն չի հաջողվի ջախջախել, այլեւ ահաբեկչական այս կառույցը կարող է մի նոր պետություն դարձնել իր գլխավոր հենակետը:

Հարցվածների 35 տոկոսը համոզված է, որ այդ պետությունը կդառնա Պակիստանը, 22 տոկոսը հակված է Իրանի տարբերակին, երրորդ տեղում Սոմալին է:

Foreign Policy հանդեսի անցկացրած հարցման մասնակիցների 74 տոկոսը նաեւ չի բացառում, որ առաջիկա 3-5 տարիներին պակիստանյան ատոմային ռումբը կարող է անցնել իսլամիստ ծայրահեղականների ձեռքը:

Իրաքի խնդրում եւս ամերիկացի վերլուծաբանները խիստ հոռետես են: Նրանց միայն 17 տոկոսն է կարծում, որ Իրաք հավելյալ զորախմբեր ուղարկելը կարող է նպաստել պատերազմի ավարտին:

Վերլուծաբանների գրեթե կեսը` 49 տոկոսը քիչ հավանական է համարել սցենարը, ըստ որի` զորքերի դուրսբերմանը կարող է հետեւել Միացյալ Նահանգների դեմ ահաբեկչական հարձակումների շարքը:

Մասնագետների ճնշող մեծամասնությունը դրական է պատասխանել իրաքյան բռնությունների ալիքի` որեւէ հարեւան պետություն տեղափոխվելու հավանականությանը վերաբերող հարցին: Նրանց 47 տոկոսի կարծիքով` իսլամիստների ու աշխարհիկ կարգերի ջատագովների զինված պայքարի հաջորդ ճակատը կարող է դառնալ Հորդանանը: Երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիան, իսկ Թուրքիան որպես արյունալի բախումների հնարավոր թատերաբեմ ընկալում է վերլուծաբանների 18 տոկոսը:

«Միացյալ Նահանգները ահաբեկչության դեմ պատերազմում պարտվում է, իսկ աշխարհը ԱՄՆ-ի համար շարունակում է տարատեսակ վտանգներով լի մնալ», - այս եզրակացությանն է հանգել հարցված վերլուծաբանների 91 տոկոսը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG