Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը, «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրմանը, գնահատել է. - «Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, այս պատմությունը մի քիչ հիշեցնում է Կիկոսի մահը, որովհետեւ մենք խոսում ենք մի բանի մասին, որն այսօր գոյություն չունի։ Այսօր ավելի շատ տեղի է ունենում հասարակական տրամադրությունների ստուգում՝ զոնդաժ։ Այդ բանը տեղի ունեցավ նաեւ նախորդ ընտրություններից առաջ, այսինքն՝ Տեր-Պետրոսյանի վերադարձի հարցը այն ժամանակ էլ նետվեց ասպարեզ եւ գնդակի պես տեղափոխվեց մյուս քաղաքական ուժերի դաշտ։ Եղան համապատասխան արձագանքներ, արդյունքում ՀՀՇ-ն ինքնաբացարկ հայտարարեց՝ հրաժարվելով մասնակցել ընտրություններին»։ Ըստ Շահբազյանի, «Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելը որոշ շփոթ կարող է առաջացնել հենց ընդդիմադիր ուժերի շրջանում, եւ դեռ դժվար է ասել՝ դրանից ո՞վ կշահի, ո՞վ կտուժի. դա կօգնի՞ ընդդիմությանը՝ միավորվելու, թե՞ հակառակը՝ կխանգարի, էլ ավելի կփոշիացնի ընդդիմության ներուժը՝ թույլ չտալով համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում»։

«Առավոտ» թերթի հարցազրույցում ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը, գնահատելով դեպի նախագահական աթոռ իշխանության քայլերը, ընդգծել է. - «Ես երեք անգամ եմ հանդիպել իշխանություններին (88-ին՝ կոմկուսը, հետո՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա էլ այս իշխանությունները) եւ տեսել եմ, որ իշխանությունները միշտ նույն հիվանդությամբ են տառապում: Միշտ իշխանությունը չափազանց ինքնավստահ է, որ ամենաուժեղն է, ամենախելոքը եւ այլն, եւ միաժամանակ շատ վախեցած է, որ հանկարծ իշխանությունը ձեռքից չվերցնեն: Իշխանությունը ե’ւ թերագնահատում է հակառակորդին, ե’ւ գերագնահատում: Սերժ Սարգսյանը մի կողմից շատ վստահ է, որ ինքը պետք է հաղթի, մյուս կողմից էլ շատ է վախենում, որ հանկարծ իր դեմ կձեւավորվի միասնական ուժ, որը ձեռքից կվերցնի իշխանությունը»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, կոռուպցիայի խնդիրն արծարծելով, շեշտադրել է. - «Չնայած մեր երկրում կոռուպցիայի եւ դրա դեմ պայքարի մասին չափազանց շատ է խոսվում, իրական պայքար ընդդեմ այդ երեւույթի չկա»։ «Հենց թեկուզ Սերժ Սարգսյանի օրինակը վկայում է այդ մասին», - մասնավորեցրել է գլխավոր խմբագիրն ու փաստարկել. - «Գործող վարչապետը արդեն քանի տարի ամառային հանգիստը անցկացնում է եվրոպական ամենաթանկ կուրորտներում եւ խաղատնային մայրաքաղաքներում, կազինոներում նրա կրած պարտությունների մասին զանազան հրապարակումներ են տպագրվում, բայց սա, ըստ էության, հանրային արձագանքի չի արժանանում»: «Օրինակ, ի՞նչ գումարներով է Սերժ Սարգսյանը հանգստանում Բադեն-Բադենի ամենաճոխ հյուրանոցներում, ի՞նչ գումարներ է ծախսում Բադեն-Բադենի եւ Մոնտե-Կառլոյի կազինոներում, ի՞նչ գումարներով է մասնավոր ինքնաթիռ վարձում ու դրանով եվրոպական մի քաղաքից մյուս քաղաքն է մեկնում», - հարց է տալիս գլխավոր խմբագիրը` շեշտելով. - «Իհարկե, նման հարցեր տալու հնարավորություն առաջին հերթին ունի մեր խորհրդարանական ընդդիմությունը, որը կարող է հարց ու պատասխանի ամբիոնը օգտագործել նման հարցադրումների համար, սակայն նման դեպք Հայաստանում դեռեւս չի արձանագրվել»։

«Ժամանակ Երեւան» թերթի փոխանցմամբ, «Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում` համոզելու «VivaCell» ընկերության սեփականատեր, լիբանանցի միլիոնատեր Պիեռ Ֆատուշին վաճառելու իրեն պատկանող բաժնեմասը»։ Թերթի տեղեկություններով, «Սիստեմա» ընկերության մեջ մտնող ռուսական MTC բջջային հեռախոսակապի օպերատոր ընկերության սեփականատերը Ֆատուշին առաջարկել է մինչեւ 700 միլիոն դոլար։ Սակայն վերջինս, ըստ «Ժամանակ Երեւան»-ի, կտրականապես մերժում է բոլոր այդ առաջարկները եւ այդ հարցում միջնորդ հանդիսացող Հայաստանի իշխանություններին առաջարկում է, որ եթե նրանք ցանկանում են, ապա կարող են ռուսական կողմին վաճառել «VivaCell»-ում իրենց ունեցած բաժնեմասը։ «Այս պահին պարոն Ֆատուշը բավական մարտական է տրամադրված», - պնդում է թերթն ու հավելում, թե «Պիեռ Ֆատուշը Հայաստանի իշխանությունների հետ բիզնես գործընկեր է ոչ միայն «Ղ-Տելեկոմում» եւ «VivaCell»-ում, այլեւ պատկառելի փայաբաժին ունի նաեւ «Գլենդել Հիլզ» ներդրումային ընկերությունում, որը զբաղված է Կոնդի, Բուզանդի, «Ֆիրդուսնոցի» եւ գինու գործարանի շրջակա տարածքների կառուցապատմամբ»։ «Այնպես, որ նման գործընկերոջը նեղացնելն այնքան էլ հեշտ չի լինելու», - ամփոփել է թերթը։

Նույն թերթը փոխանցում է, որ երեկ առավոտյան ժամը 9:20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Չարենցավան քաղաքում, որի հետեւանքով սփյուռքահայ Ջերալդ Շատելյանը մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել Էրեբունի հիվանդանոց: Թերթի տեղեկություններով` հանդիպակաց «Ռենո»-ի ղեկին եղել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կինը` Գայանե Շահգալդյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG