Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ ընդդիմության հնարավոր համախմբմանը վերաբերող հարցին` Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը պնդել է. - «Կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածու առաջադրվելու պարագայում քաղաքական գործընթացներում էական փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ։ Քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում։ Յուրաքանչյուրը միշտ հավաքում է այն բերքը, որի սերմերը ցանել է։ Իսկ Հայոց համազգային շարժման մասին ե՛ւ նրա ակտիվ գործունեության շրջանում, ե՛ւ ակտիվ քաղաքականությունից դուրս գալուց հետո դրական քիչ բան կարելի է ասել։ Ժողովրդի հիշողությունն այնքան կարճ չէ, որ ինչ-որ հրաշքով հնարավոր լինի ջնջել այն եւ մարդկանց համոզել, որ ՀՀՇ-ի նկատմամբ ձեւավորված կարծիքը ինչ-որ պատճառով պետք է փոխվի»։

Իր հերթին, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ քաղաքականություն վերադառնալու եւ նախագահ ընտրվելու փաստարկները քննելով, «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գնահատել է. - «Տեր-Պետրոսյանն այսօր այն միակ քաղաքական գործիչն է, որն ունի միջազգային հեղինակություն, կամք եւ վճռականություն՝ լուծելու ղարաբաղյան հիմնահարցը, նորմալ հարաբերություններ հաստատելու բոլոր հարեւանների հետ՝ տուրք չտալով պոպուլիստական «կուրծք ծեծոցին» եւ «ազգային-ազատագրական» վայնասունին»: «Հետեւաբար, իդեալական տարբերակն այն կլիներ, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը վստահության մանդատ տային Տեր-Պետրոսյանին, եւ այդ դեպքում 5 տարի հետո մենք կապրենք բոլորովին այլ երկրում», - գրել է գլխավոր խմբագիրն ու «կա՞ արդյոք մեր քաղաքացիների մոտ այդ խնդիրների հրատապության զգացողությունը» հարցին ի պատասխան ընդգծել. - «Ես խիստ կասկածում եմ: Զուտ «աչքաչափով» ավելի նկատելի են 90-ականների առաջին կեսի սոցիալական զրկանքների մասին, մեղմ ասած, տհաճ հիշողությունները, եւ այսօր «ժողովրդի մասին մի քիչ մտածող» իշխանության կարոտը»:

«Հայք»-ի մեկնաբանը, անդրադառնալով նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջիկա մոսկովյան այցի շարժառիթներին, շեշտադրել է. - «Քոչարյանը գոնե մտովի դեռ չի կարողանում հրաժեշտ տալ նախագահի աթոռին եւ անելու է ամեն բան՝ պահպանելու իրական իշխանությունը։ Իր նպատակն իրականություն դարձնելու համար նա ցանկանում է շոշափել Պուտինի տրամադրությունը»: «Դժվար է կանխատեսել, թե ինչ կասի Պուտինը Քոչարյանի ականջին, սակայն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը տրամադրված չէ բաժանվել իշխանությունից, որքան էլ վերջերս անտրամադիր է թվում արտաքուստ: Պատահական չէ, որ նա դեռ չի միացել Սերժ Սարգսյանի քարոզարշավին», - գրում է մեկնաբանը: - «Փորձագետները համոզված են, որ եթե Քոչարյանը հասկանա, որ իր ծրագրերի իրականացման գործում չի արժանանում օտարերկրյա պետությունների ու առաջին հերթին Ռուսաստանի աջակցությանը, ապա այդ դեպքում բացահայտ չի աջակցի Սերժ Սարգսյանին, քանի որ այդ աջակցությունը կարող է սխալ ընկալվել եւ հանգեցնել ծանր հետեւանքների»։ «Քոչարյանը չի սիրում կանգնել պարտվողների կողքին, առավել եւս՝ պարտվել անձամբ», - որակել-ամփոփել է «Հայք»-ի մեկնաբանը։

«168 ժամ»-ի փոխանցմամբ, «անցած շաբաթ Երեւանում արձանագրված հերթական «ռազբորկայի» արդյունքում ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մասիս Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանը, որը բազմաթիվ կոտրվածքներով ներկայումս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում»: «Ըստ շրջանառվող լուրերի` միջադեպը կապված է եղել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների հետ», - գրում է թերթը` պարզաբանելով. - «Սահակյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 16 ընտրատարածքում, որտեղ պարտվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Տիգրան Ստեփանյանին: «Գրանդ Հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանն էլ, որը Սամվել Սահակյանի ընտրվելու համար մեծ գումար է ծախսել, ըստ նույն լուրերի, փորձում է իր գումարը ստանալ Տիգրան Ստեփանյանից, որի հետ, ըստ ամենայնի, նախնական պայմանավորվածություն է ունեցել։ Սամվել Սահակյանն էլ ծեծի է ենթարկվել փողերը վերադարձնելու վերաբերյալ ծավալված հերթական վեճի արդյունքում։ Եվ չնայած Սահակյանը հերքում է, որ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի, այդուհանդերձ, ասում են, որ Հրանտ Վարդանյանը խոստացել է համարժեք պատասխան տալ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG