Մատչելիության հղումներ

Հայաստանի եզդիները նախագահական ընտրություններում կպաշտպանեն Սերժ Սարգսյանին


«Աշխարհի եզդիների ազգային միության» նախագահությունը կոչ է արել Հայաստանի եզդի համայնքին` 2008 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց միության նախագահ Ազիզ Թամոյանը` համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուր երկրում ազգային փոքրամասնությունները պետք է լինեն կառավարության կողքին:

«Ազատություն» ռադիոկայանի նույն հարցին ի պատասխան` Հայաստանում քրդական համայնքի պատասխանատու ներկայացուցիչ Ժենիկ Աղագրին ասաց. - «Մենք դեռ մեր որոշումը չենք կայացրել»:

Հայաստանում եզդիական, այնուհետեւ` քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիաներ էին կազմակերպել. նախ եզդիները` կառավարության, այնուհետեւ` Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, իսկ հետո քրդերը` ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Պատճառը` օգոստոսի 15-ին Իրաքի հյուսիսում տեղի ունեցած պայթյուններն են, որոնց հետեւանքով, ըստ Հայաստանում քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովի, զոհվել են շուրջ 500 եզդի-քրդեր, իսկ «Աշխարհի եզդիների ազգային միության» նախագահ Ազիզ Թամոյանի պնդմամբ` նույնքան եզդիներ:

«Մենք խնդրում ենք Հայաստանի կառավարությանը, որը նաեւ մեր կառավարությունն է, որ նոտայի կարգով բարձրաձայնի համայն աշխարհի առջեւ այս արյունահեղության վերաբերյալ», - իրենց ակցիայի նպատակը այսպես պարզաբանեց Ազիզ Թամոյանը:

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հավաքված քրդերն էլ, իրենց հերթին, կոչ էին անում Միավորված ազգերի կազմակերպությանը` կանխել ոտնձգությունները եզդի-քրդերի նկատմամբ:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարում` Ազիզ Թամոյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG