Մատչելիության հղումներ

Թիվ 15 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն պահանջում է փոխել ընտրությունների օրը


Թիվ 15 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում գրանցված անկուսակցական թեկնածու, մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Պետրոսյանը երեկ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում պնդում է, թե ընտրությունների նշանակումը օգոստոսի 26-ին չի համապատասխանում Ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածին:

«Օգոստոսի 21-ին կազմավորվում են նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնց իրավասության սահմաններում է տեղերում կազմել տեղամասային ընտրական հանձնաժողովներ` ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց թեկնածուն: - «Օգոստոսի 21-ից հաշված 19-օրյա ժամկետից ոչ շուտ եւ 16-օրյա ժամկետից ոչ ուշ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները իրավունք ունեն ներկայացնել` նշանակելու մեկական անդամ տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այս կարգը այսօրվա դրությամբ խախտված է, այդ իսկ պատճառով ես դիմում եմ ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` ընտրությունների օրը փոխելու համար»:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման հայտերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները օրենքով պետք է ներկայացնեին ամենաուշը օգոստոսի 10-ին: Մինչդեռ ընտրատարածքային հանձնաժողովի անդամները իրենք, օրենքի մեկ այլ պահանջով եւ երկրի նախագահի` դրանով թելադրված հրամանագրով, առաջին նիստերը գումարում են այսօր: Իսկ օրենսգրքի մեկ այլ պահանջով` լրացուցիչ ընտրությունը պետք է անցկացվի մեծամասնականով մանդատի թափուր մնալուց հետո 80 օրվա ընթացքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Տաթեւ Օհանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ի պատասխան հայտնեց, որ թեկնածուի դիմումը երկուշաբթի օրը չի քննարկվել, ու դա կարվի օրենքով սահմանված ժամկետում: Որոշումը կհրապարակվի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

Երեքշաբթի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ հրավիրել է. օրակարգում թիվ 15 ընտրատարածքում ընտրության քվեաթերթիկի նմուշի հաստատումն է:

Թիվ 15 ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են` անկուսակցական Էմին Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, հանրապետական Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը, ում սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, դաշնակցական Գուրգեն Շահինյանը, անկուսակցական Վահագն Պետրոսյանը:

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում այս ընտրատարածքում Խաչիկ Մանուկյանը ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել էր Մնացական Մնացականյանին, սակայն հետո հրաժարվել էր մանդատից` իր քայլը այսպես պատճառաբանելով. - «Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով, սակայն թիվ 15 ընտրատարածքում անցկացվելքի ընտրություններում առաջադրվել է նաեւ մեծամասնականով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG