Մատչելիության հղումներ

Հրեական կազմակերպության տարածքային ղեկավարը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար


Միացյալ Նահանգներում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպության Նոր Անգլիայի տարածաշրջանային կառույցի ղեկավար Էնդրյու Թարսին պաշտոնանկ է արվել, երբ ցանկություն է հայտնել, որպեսզի կազմակերպությունը ճանաչի անցած դարասկզբի Հայոց ցեղասպանությունը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, այդ որոշումը «Ընդդեմ վարկաբեկման միության» ղեկավարությունը կայացրել է ուրբաթ օրը:

Էնդրյու Թարսին, ով ղեկավարել էր տարածքային կառույցը ավելի քան երկու տասնամյակ, «Բոսթոն գլոբ» թերթին ասել է, թե կազմակերպության կեցվածքը «բարոյական տեսանկյունից աններելի է»:

Թարսիի պաշտոնանկությունը կազմակերպության ղեկավարության եւ դրա տնօրեն Աբրահամ Ֆաքսմանի դեմ բուռն վրդովմունք է հարուցել տեղի հրեական համայնքում:

Գործարար, «Ընդդեմ վարկաբեկման միության» տարածաշրջանային կառույցի խորհրդի նախկին անդամ Սթիվ Գրոսմանը, մասնավորապես, «Բոսթոն գլոբ»-ին հայտարարել է. - «Դա քինախնդիր, անհանդուրժողական եւ ապակառուցողական ակտ էր, այն էլ` մի կազմակերպության կողմից, որի հիմնարար առաքելությունը հանդուրժողականությունը խթանելն է»: Նրա կանխատեսմամբ, «Ֆոքսմանի գործողությունները պատճառ կդառնան տարածաշրջանային կառույցում համատարած հրաժարականների, տարածաշրջանում «Ընդդեմ վարկաբեկման միության» հանգանակությունների նշանակալի կրճատման եւ կբարդացնեն կազմակերպության հարաբերությունները ոչ հրեա համայնքի հետ»:

Ըստ նույն թերթի լավատեղյակ աղբյուրի, «Ընդդեմ վարկաբեկման միության» տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեն սատարում է Թարսիին, ավելին` վճռել է պաշտպանել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, որ ներկայացված է Կոնգրեսում:

«Բոսթոն գլոբ»-ին հղած երեք էջանոց պատասխանում Ֆոքսմանը եւ «Ընդդեմ վարկաբեկման միության» նախագահ Գլեն Լյուին գրել են, թե կազմակերպությունը «ընդունել է, որ Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածներ են եղել, եւ Թուրքիային կոչ է արել ավելին անել` կանգնելու համար իր անցյալին դեմ-հանդիման եւ հաշտվելու Հայաստանի հետ»:

Կազմակերպությունը, ըստ դրա ղեկավարների պարզաբանումների, նաեւ «պետք է պաշտպանի Թուրքիայի հրեական համայնքի շահերը, գործի հանուն Իսրայելի անվտանգության եւ պայքարի ծայրահեղականության դեմ»:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել էր կապերը խզել «Ընդդեմ վարկաբեկման միության» հետ` վերջինի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառով:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG