Մատչելիության հղումներ

Պատահար` Բեռլինում ֆիլմի նկարահանման ընթացքում


Բեռլինում «Վալկիրիա» ֆիլմի նկարահանման ընթացքում տեղի ունեցած պատահարի հետեւանքով 11 մարդ վնասվածք է ստացել: «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` նկարահանող խմբին տեղափոխող բեռնատարի կողային դուռը շրջադարձի պահին անսպասելիորեն բացվել է, եւ մարդիկ մեքենայից դուրս են ընկել:

Պատահարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Բեռլինի կենտրոնում: Տուժածներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ֆիլմի նկարահանումն ընդհատվել է:

Աշխարհահռչակ կինոաստղ Թոմ Քրուզը այդ ֆիլմում կատարում է 1944 թվականի հուլիսի 20-ին ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մահափորձի կազմակերպիչներից մեկի՝ գնդապետ Կլաուս ֆոն Շտաուֆենբերգի դերը: Այդ մահափորձը ձախողվել էր, եւ հաջորդ օրն իսկ ֆաշիստները գնդակահարել էին գնդապետին ու հեղաշրջման բազմաթիվ այլ մասնակիցների:

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ Թոմ Քրուզն այդ ֆիլմում նկարահանվելու համար քննադատության է ենթարկվել թե’ քաղաքական գործիչների եւ թե’ ֆոն Շտաուֆենբերգի ընտանիքի կողմից, քանի որ նա այսպես կոչված «սայենթոլոգիայի եկեղեցու» հետեւորդ է: «Սայենթոլոգիան» Գերմանիայում համարվում է աղանդ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG