Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Վիվասել»-ը վաճառվել է MTC-ի՞ն» վերնագրի ներքո գրում է. - «Առավոտ»-ի աղբյուրների պնդմամբ, 2-3 օր առաջ «ՎիվաՍել» ընկերությունը վաճառվել է ռուսական MTC հայտնի ընկերությանը, որը կապվում է ՌԴ առաջին տիկնոջ անվան հետ: Ու թեեւ «ՎիվաՍել»-ի ղեկավար Ռալֆ Երիկյանն առիթ է ունեցել հերքելու այդ գործարքի մասին արդեն մի քանի անգամ շրջանառված տեղեկությունները, այդուհանդերձ, մեր աղբյուրները վստահեցնում են, որ գործարքը կայացել է, ավելին` «ՎիվաՍել»-ի վաճառքի համար նախնական գնից ավելի թանկ գնով»: «Եթե առաջիկայում պաշտոնապես հաստատվի այս տեղեկությունը, կնշանակի, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտն արդեն 100 տոկոսով պատկանում է ռուսական երկու մրցակցող ընկերություններին», - շեշտում է թերթը:

Թեմային անդրադարձել է նաեւ «Հայկական ժամանակ»-ը: «Նշվում է անգամ, որ MTC-ը «ՎիվաՍել»-ի համար պատրաստվում է վճարել 600 միլիոն դոլար», - գրում է թերթը` հիշեցնելով, որ «ՎիվաՍել»-ի մրցակից «ԱրմենՏել» ընկերությունը ձեռք բերելու համար MTC-ի մրցակից «Վիմպելկոմ»-ը վճարել էր մոտ 550 միլիոն դոլար:

Նույն թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ երեկոյան «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում ընդհարվել են Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` իրենց թիկնապահներով: «Ըստ ստացված տեղեկությունների, ընդհարման ժամանակ հրազեն չի օգտագործվել, սակայն երկուստեք մի քանի հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, ներառյալ Աշոտ Աղաբաբյանը: Մի քանի մեքենաներ ջարդուփշուր են արվել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: Դեպքի մասին հաստատում կամ հերքում ստանալու ակնկալիքով թերթը դիմել է Աղաբաբյանի քրոջորդուն` Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանին: Վերջինս հերքել է խմբավորումների ընդհարման մասին տեղեկությունները, սակայն հայտնել է, որ երեկոյան «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` իրար են բախվել Աղաբաբյանի եւ Բեգլարյանի ընկերություններին պատկանող երկու ավտոմեքենաներ, որոնք ստացել են աննշան վնասվածքներ: «Որքան հնարավոր եղավ պարզել երեկ ուշ երեկոյան, իրավապահ մարմիններում դեպքը չի արձանագրվել», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Իրավունք»-ի վերլուծաբանը, առաջիկայում Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ կանխատեսելով, առանձնացրել է. - «Նախագահական ընտրությունների նախաշեմին արդեն իսկ ակնհայտ է, որ ով էլ ընտրվի նախագահի պաշտոնում, ամենաուշը 2-3 տարի անց կանգնելու է հստակ աշխարհաքաղաքական կողմնորոշում եւ դրան համարժեք ներքին լուրջ ռեֆորմներ, այդ թվում՝ կադրային բարեփոխումներ իրականացնելու հրամայականի առջեւ։ ԽՍՀՄ փլուզմանը հետեւած 15-ամյա անարխիայի շրջանը մոտենում է ավարտին, եւ հստակեցումները, կարծես, այլեւս անխուսափելի են։ Այլ բան է` Հայաստանի քաղաքական համակարգն ընդհանրապես եւ իշխող վերնախավը մասնավորապես այդ փոփոխություններին անպատրաստ են»։

«Իսկական իրավունքը» թերթի գլխավոր խմբագիրը նախագահական ընտրություններին ընդառաջ շեշտադրել է. - «Խոշոր հաշվով՝ իշխանական քարոզչությունը անում է ամեն ինչ, որպեսզի հանրությանը համոզի, որ ընդդիմությունը երբեք միասնաբար հանդես չի գա։ Իր կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը նույնպես ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի հենց ՀՀ առաջին նախագահը լինի միասնական թեկնածուն։ Ինչ վերաբերվում է ընդդիմության չմիավորման վերաբերյալ իշխանական ցանկությանը, ապա հանրության ուղեղները լվանալու համար կրկին օգտագործվել է պալատական սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ծառայությունը, եւ վերջինս այս պահին ձգտում է նսեմացնել ինչպես ընդդիմության ինտելեկտուալ ներուժը, այնպես էլ հանրությանը համոզել, որ ընդդիմադիրները, անգամ Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս անց դեռ դուրս չեն եկել պարտության հետեւանքով առաջացած շոկից»։

ՀՀ նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման շարժառիթներին անդրադառնալով` «Ազգ» թերթի վերլուծաբանը առանձնացրել է.- «Անհնար է չնկատել, որ Տեր-Պետրոսյանին նախագահի թեկնածու տեսնելու տարբերակը հարմար է հենց ներկա մեծամասնության թեկնածուին` երկու տեսակետից. նախ՝ բավականին անվանարկված ՀՀՇ-ի լիդերը շատ հարմար մրցակից է` այս պահի դրությամբ անցողիկ չէ եւ առանձնապես վտանգ չի ներկայացնում, երկրորդ` հիանալիորեն կարող է խանգարել Վազգեն Մանուկյանի շուրջն ընդդիմադիր զանգվածի միավորմանը»: «Մնում է պարզել` այս սցենարը մտածել են Տեր-Պետրոսյանի գիտությա՞մբ, թե՞ առանց նրա: Գիտությամբ թե ոչ` Տեր-Պետրոսյանն այդ դեպքում կրկին կդառնա իր շրջապատի պատանդը, ինչպես որ իննսունականներին էր», - բխեցրել է վերլուծաբանն ու հավելել. - «Այս բոլորում մի բան է միայն անհարմար. այն, որ հերթական անգամ արհամարհվում են հասարակական կարծիքն ու քաղաքական ուժերի հենարան ընտրազանգվածը, ինչը, ի դեպ, սովորական բան է հայ քաղաքական մտքի համար»։

«Չորրորդ իշխանություն» թերթի աղբյուրների համաձայն` «վերջին օրերին կտրուկ սրվել են Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Մելիք Գասպարյանի հարաբերությունները»։ «Բանն այն է, որ Երեւանի «Վահագնի» թաղամասում Վարդան Այվազյանի շքեղ դղյակի շինարարությունն իրականացնում է Մելիք Գասպարյանը։ Եվ վերջերս Այվազյանը ստուգել է եւ պարզել, որ առանձնատան սյուները ծուռ են տեղադրված», - մանրամասնել է թերթն ու հավելել. - «Առայժմ երկու կողմերն էլ պնդում են իրենց իրավացիությունը եւ թերեւս բանը հասնի դիվանբաշուն»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG