Մատչելիության հղումներ

Ներգաղթի լեգալացումը Միացյալ Նահանգներում ամենաթանկն է աշխարհում


Միացյալ Նահանգների դաշնային միգրացիոն գործակալությունը հերթական անգամ բարձրացրել է իր ծառայությունների գները: Վաշինգտոնի միգրացիոն քաղաքականության ինստիտուտի տվյալներով, ներկայումս ներգաղթի լեգալացումը Միացյալ Նահանգներում ամենաթանկն է աշխարհում:

Նրանք, ովքեր հավակնում են ԱՄՆ-ում աշխատելու եւ ապրելու իրավունք տվող «գրին քարտի» կամ ամերիկյան քաղաքացիության, ստիպված կլինեն զգալի գումարներ վճարել պաշտոնական կարգավիճակ ստանալու համար:

Եթե մինչեւ հիմա քաղաքացիություն ստանալու համար մեկ դիմումն արժեր 330 դոլար, այժմ դրա գինը հասել է 595 դոլարի: Մեկ «գրին քարտի» գինը նախկին 325-ի փոխարեն այսուհետ կազմում է 930 դոլար, իսկ աշխատանքային վիզայի համար դիմողը վճարելու է 475 դոլար` նախկին 195-ի փոխարեն: Ինչ վերաբերում է մատնահետքերի հանձնմանը, ապա նախկինում անվճար այդ ծառայության համար Միացյալ Նահանգների դեսպանություններ դիմողները պետք է վճարեն 80 դոլար:

Դաշնային միգրացիոն գործակալության նման կտրուկ գնային քաղաքականությունը ուղղված է Միացյալ Նահանգների համար լուրջ խնդիր հանդիսացող միգրացիայի կարգավորման աշխատանքները բարելավելուն: Ծառայությունների սակագները ավելացնելով` գործակալության ֆինանսական ծառայությունը հույս ունի կազմակերպության 1 միլիարդ 250 միլիոն տարեկան բյուջեին ավելացնել լրացուցիչ 1 միլիարդ դոլար: Ստացված եկամուտը նախատեսվում է ծախսել ողջ աշխարհում Դաշնային միգրացիոն գործակալության 250 գրասենյակների արդիականացման, ինչպես նաեւ 170 խուզարկուների ու 830 տեղեկատվություն հավաքողների վարձման նպատակներով: Ներկայումս գործակալության աշխատակիցների թիվը 15 հազար է:

Միացյալ Նահանգներում անօրինական ներգաղթյալների մասին պաշտոնական տվյալները զգալիորեն տարբերվում են հասարակական ինստիտուտների տվյալներից` 12 միլիոն ըստ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի, եւ 21 միլիոն` ըստ ոչ պաշտոնական տվյալների: Հասարակական ինստիտուտների տեղեկությունները հիմնված են հանրային հիմնադրամների, դրամի փոխանցման ծառայությունների զեկույցների, ինչպես նաեւ անօրինական ներգաղթողների երեխաների ուսանած դպրոցների անկետավորման արդյունքների վրա: Իսկ պաշտոնական տվյալների աղբյուրը միգրացիոն գործակալության խուզարկուներն ու տեղեկություններ հավաքողներն են: Օրինական միգրանտների թիվը Միացյալ Նահանգներում գերազանցում է 44 միլիոնը:

Միջին ամերիկացու տարեկան եկամուտը այժմ կազմում է 40-70 հազար դոլար, մինչդեռ միգրանտները կրկնակի պակաս են վաստակում: Եվ չնայած մեծ թվով փորձագետներ կարծում են, թե վերջին 20 տարում ԱՄՆ-ի` որպես համաշխարհային տնտեսական առաջնորդի դիրքերը թուլացել են, միլիոնավոր մարդիկ ամեն տարի ձգտում են դառնալ այդ երկրի քաղաքացի:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG