Մատչելիության հղումներ

Հայի եւ ադրբեջանուհու երեխան Շվեդիայից արտաքսվում է Ադրբեջան


Շվեդիայում բնակվող 3 տարեկան Վիկտորիա Գրիգորյանը արտաքսվելու է Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Վիկտորիայի ծնողների` Հայաստանի քաղաքացի Ալբերտ Գրիգորյանի եւ Ադրբեջանի քաղաքացուհի Իրադա Բաբաեւայի հայցը ընդդեմ Շվեդիայի:

Դատարանի որոշման մեջ ասված է, որ Շվեդիայում Բաբաեւան առանց պաշտոնապես ամուսնանալու ապրել է Գրիգորյանի հետ, որից 2004 թվականին դուստր է ունեցել: Համարվում է, որ Գրիգորյանին եւ Բաբաեւային չի հաջողվել քաղաքական վտարանդու կարգավիճակ ստանալու համար բավարար փաստարկներ ներկայացնել, եւ այսօրվա դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանում է շվեդական իշխանությունների որոշումը` արտաքսել նրանց, համապատասխանաբար, Հայաստան եւ Ադրբեջան: Ինչ վերաբերում է Շվեդիայում ծնված Վիկտորիային, դատարանը որոշել է, որ երեխան պետք է մնա մոր հետ եւ մեկնի Ադրբեջան, քանի որ ծնողները պաշտոնապես ամուսնացած չեն: Միեւնույն ժամանակ, Շվեդիայի իշխանությունները հնարավոր են համարում, որ ընտանիքը հետագայում միավորվի` Հայաստանում կամ Ադրբեջանում:

Մեկնաբանելով այս իրավիճակը` Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը «Զերկալո»-ին ասել է, թե Իրադա Բաբաեւան որպես Ադրբեջանի քաղաքացուհի կարող է հայրենիք վերադառնալ, իսկ Վիկտորիա Գրիգորյանի դեպքում, ով, փաստորեն, մնում է առհասարակ առանց որեւէ քաղաքացիության, հարցը պետք է լուծվի Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում: Ինչ վերաբերում է ընտանիքի վերամիավորմանը, ապա արտգործնախարարության խոսնակը շեշտել է, թե հարցը ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական կողմ ունի:

Իսկ Ադրբեջանի խորհրդարանում` Միլի մեջլիսում Շվեդիայի հետ միջխորհրդարանական կապերի գծով մշտական աշխատանքային խմբի անդամ Ֆազայիլ Աղամալին «Զերկալո»-ի հետ զրույցում ասել է. - «Նրանք պետք է միասին ապրեն: Կարծում եմ, Ադրբեջանում նրանց համար դժվար, եթե չասեմ` անհնար կլինի ապրել: Իրադայի համար լուրջ խնդիրներ ի հայտ կգան»: Միաժամանակ, ադրբեջանցի պատգամավորը նշել է, թե նման խնդիրներ չեն լինի, եթե Իրադա Բաբաեւան Ադրբեջան վերադառնա դստեր` Վիկտորիայի հետ:

Շվեդիայի իշխանությունները սկսել են երկրից ադրբեջանցի փախստականների արտաքսման հերթական փուլը: Խոսքը նրանց մասին է, ովքեր մի քանի տարի շարունակ ապարդյուն փորձել են սկանդինավյան այդ երկրում քաղաքական ապաստան ստանալ: Փախստականների մի մասը, համոզված լինելով, որ իրենք են իրավացի, դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն դատարանը հաստատել էր պաշտոնական Ստոկհոլմի` ադրբեջանցիներին արտաքսելու իրավունքը:

Մի քանի տարի առաջ շվեդները փորձել էին երկրից արտաքսել 5-հոգանոց հայկական մի ընտանիքի, սակայն հատուկ չվերթ իրականացնող ինքնաթիռը Երեւանի փոխարեն վայրէջք էր կատարել Բաքվում: Անակնկալի եկած ադրբեջանցիները չէին թույլատրել հայերի մուտքը Ադրբեջան եւ ինքնաթիռը անմիջապես ետ էին ուղարկել Շվեդիա:


Ռուբեն Մելոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG