Մատչելիության հղումներ

Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակվում են նոր ձեւաչափով


Կոսովոյի կարգավիճակի շուրջ նոր փուլի բանակցությունները առաջ մղելու համար Lոնդոն են ժամանել Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան ասել է, թե ֆիքսված օրակարգ չկա: «Այս հանդիպումից գլխավոր արդյունք կամ դիրքորոշումների էական փոփոխություն չի սպասվում», - ասել է բրիտանական արտգործնախարարության խոսնակը: Նրա խոսքերով, սա ավելի շատ նպատակ ունի հող ստեղծել «եռյակի» հետագա աշխատանքների համար:

Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների նոր շրջանակը ստեղծվեց, երբ Ռուսաստանը սպառնաց վետո դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված ծրագրի վրա, որը փաստացի անկախություն էր նախատեսում Կոսովոյի համար: Այժմ միջնորդները աշխատում են նոր ծրագրի վրա:

Սերբիայի նախագահի գրասենյակից հաղորդել են, որ
«եռյակի» ներկայացուցիչները այսօր բանակցություններ են վարելու սերբական իշխանությունների հետ: Բելգրադում նրանք հանդիպելու են Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչի, վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցայի, այլ պաշտոնյաների հետ, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը:

Սերբական «ՆԻՆ» շաբաթաթերթին տված հարցազրույցում վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Ալեքսանդր Սիմիչն ասել է, որ եթե Կոսովոյի հարցի լուծումը հիմնված լինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ծրագրի վրա, ապա Սերբիայի հարավային երկրամասը վաղ թե ուշ կդառնա ՆԱՏՕ-ի յուրահատուկ պետություն:

Նրա խոսքերով, հիմա, երբ Կոսովոյի կարգավիճակի հարցով սկսվում է բանակցությունների նոր փուլ Բելգրադի ու Պրիշտինայի միջեւ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Արեւմուտքի որոշակի շրջանակների համար Կոսովոյի անկախությունը ավելի կարեւոր է, քան միջազգային նորմերի, միջազգայնորեն ճանաչված պետության տարածքային ամբողջականության, տարածաշրջանի կայունության պահպանումը:

Միջնորդները Բելգրադում բանակցություններից հետո ուղեւորվելու են Կոսովո` բանակցելու Կոսովոյի ալբանացիների առաջնորդների հետ:

Մինչեւ դեկտեմբերի 10-ը նրանք պետք է զեկուցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, թե արդյոք հաջողվե՞լ է բանակցություններում առաջընթացի հասնել:

Կոսովոյի ալբանացիները պնդում են իրենց անկախությունը, ինչին Սերբիան կտրականապես դեմ է: Ռուսաստանը պաշտպանում է Սերբիային:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG