Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանի վերջին այցերը տարբեր մարզեր` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը «Առավոտ»֊-ի թղթակցին ասել է. - «Լեւոն Տեր֊-Պետրոսյանը, ըստ երեւույթին, փորձում է ավելի լավ տիրապետել երկրում ստեղծված իրավիճակին: Նա փորձում է տարբեր մարզերում մարդկանց լսել, իմանալ նրանց տեսակետները: Սա է այցերի նպատակը, բայց այն մարդիկ, որ ուղեկցում են նրան մարզերում, տեսնում են, որ ժողովուրդը պահանջում է նրա վերադարձը մեծ քաղաքականություն: Լեւոն Տեր-֊Պետրոսյանը դեռեւս չի պատասխանում այդ հարցադրումներին, բայց նա լսում է, նաեւ զգում է, որ պարտավորված է այդ մարդկանց նկատմամբ, որովհետեւ 88-֊90-ին հասարակարգը փոխելու ժամանակ նա իր համախոհների հետ ժողովրդին նկարագրում էր լրիվ այլ երկիր, քան այսօր կա: Կարծում եմ, որ ժողովուրդը վճռականորեն պահանջելու է նրա վերադարձը, ու համոզված եմ, որ այս ամենի արդյունքում նա դա անպայման կանի»:

«Իսկական իրավունքը» թերթը շարադրում է. - «Սերժ Սարգսյանի վարչապետությունն Ազգային ժողովի ընտրություններից հետո նշանավորվեց նրանով, որ սկսեցին իրենց վատ զգալ նրանք, ովքեր ժամանակին իրենց երեւակայում էին անձեռնմխելի եւ հավերժ անպատժելի ֆեոդալիկներ: Երբ Էջմիածնում սկսվեց «Ճոյտ» օպերացիան, որի արդյունքում գործնականում ամեն ինչից զրկվեց Հակոբ Հակոբյանը, քչերն էին պատկերացնում, թե քանի հոգու դռանն է այդ ուղտը չոքելու ընտրություններից հետո: Նույն Էջմիածնում գեներալ Սեյրան Սարոյանին զրկեցին բանակային կորպուսից եւ ուղարկեցին Ազգային ժողով: Հիմա էլ նրա փեսային են դատում: Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանի համար ընդհանրապես շոկի տպավորություն պետք է թողած լիներ այն, որ ինչ-որ գլխավոր դատախազություն հանկարծ համարձակվում է իր որդու գործերով զբաղվել»:

Լավատեղյակ աղբյուրներից «Հայք»-ին հայտնի է դարձել, որ Լոռու նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Հենրիկ Քոչինյանը Սերժ Սարգսյանի` Լոռու մարզ կատարած վերջին այցելության ժամանակ կարողացել է դասավորել իր գործերը. - «Լոռու մարզի դատախազությունում բազմաթիվ ապօրինությունների համար քրեական գործ էր հարուցվել նախկին մարզպետ Քոչինյանի եւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նկատմամբ: Այցի վերջում վարչապետը, Քոչինյանը ու Դարբինյանը առանձնազրույց են ունեցել: Սերժ Սարգսյանը խոստացել է կարճել տալ նրանց դեմ հարուցված քրեական գործը: Ավելին, այդքանից հետո նա խոստացել է նաեւ Քոչինյանին ապահովել աշխատանքով: Սերժ Սարգսյանի` Լոռու մարզ կատարած այցից մի քանի օր հետո էլ Քոչինյանը եկել է Երեւան` հանդիպելու վարչապետի հետ եւ ճշտելու իր ապագան»:

Իսկ «Իրավունք»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ «ՀՀԿ խորհրդի նախագահ-վարչապետը հանձնարարական է տվել մինչեւ հաջորդ տարվա ապրիլը դադարեցնել մայրաքաղաքի` հատկապես կենտրոնում իրականացվող ցանկացած կառույցի շինարարություն, այդ թվում` օպերայի տարածքում ծավալված քանդուքարափը, որտեղ, ինչպես նույն աղբյուրն է տեղեկացնում, «էլիտար օբյեկտ» է կառուցում «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատերը, ով այդ տարածքը 150 հազար դոլարով ձեռք է բերել Ռոբերտ Քոչարյանի զարմուհուց: Առնո Բաբաջանյանի արձանի մատույցներում ապագա շինության հիմքերը գցելու համար փորված հսկայական փոսը, ճիշտ է, մի գիշերում ծածկվեց խոշոր խճաքարով, սակայն նախագահական ընտրություններից հետո 150 հազար դոլար արժողությամբ տարածքը կրկին ծառայելու է իր «բուն նպատակին»:

««Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը արձակուրդի գնալուց առաջ հերթական ապտակը հասցրեց ՄԱԿ կուսակցությանը ու նրա նախագահ Գուրգեն Արսենյանին: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը աշխատանքից ազատել է ՄԱԿ կուսակցության ներկայացուցիչ Թամարա Գեւորգյանին, ով զբացեղնում էր Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Ընդգծենք, որ Թամարան կուսակցությունում համարվում է Արսենյանի ամենավստահելի եւ հարց լուծող յուրայիններից մեկը»:

«Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը մի սիրուն մուլտիկ ցուցադրեց», - գրում է նույն թերթը: - «Կոչվում էր «Տիգրանակերտ»: Հեղինակը, հասկանալի է, Ռոբերտ Սահակյանց էր: Մուլտիկն էլ այն մասին էր, թե ինչպես է Հայաստանը 2033-34 թվականներին «հայրենական պատերազմի» արդյունքում դարձել ծովից ծով Հայք, թե ինչպես են հայ դպրոցականները գնում էքսկուրսիա` տեսնելու հայ-հունական սահմանը եւ այլն: Մի խոսքով, լավ մուլտիկ էր: Ափսոս` Տիգրանակերտ քաղաքի դարպասների վրա գրված էր «Տիգրան Մեց», բայց դրան կարելի է ըմբռնումով մոտենալ. իսկական հայ «պատրիոտները» միշտ էլ ռուսական կրթություն են ունեցել: Այս մուլտիկը հիշեցինք, որովհետեւ Հայաստանի այսօրվա գրեթե ողջ քաղաքական դաշտը (ներառյալ իշխանությունները) երկրի ապագան հենց այդպես էլ պատկերացնում է: Իսկ ի՞նչ է պատահել. մի թեթեւ «հայրենական պատերազմ» կանենք, կոչնչացնենք Թուրքիան ու Ադրբեջանը, եւ վերջ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG