Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում կողոպուտի համար հայեր են ձերբակալվել


Lոս Անջելեսի ոստիկանությունը հաղորդում է կողոպուտով զբաղվող հանցավոր խումբ ձերբակալելու մասին, որում ընդգրկված են հայեր եւ ռուսներ: Խմբի ղեկավարը 29-ամյա Արթուր Սարգսյանն է:

Ձերբակալվածների թվում են նաեւ Մանուկ Մուրադխանյանը, Արամ Սահակյանը, երկուսն էլ` 32 տարեկան, եւ 34-ամյա Տիգրան Հարությունյանը. նրանք մեղադրվում են գողացված ապրանքները իրացնելու մեջ:

Կողոպտիչների խումբը Լոս Անջելեսի բեռնահամալիրներից, ջարդելով կողպեքները, ապրանքներ է գողացել` հեռուստացույցներ, մանկական հագուստ, ավտոմեքենաների անվադողեր: Գողությունները կատարվել են գիշերով:

Ըստ ոստիկանության` հանցավոր խումբը ընդհանուր առմամբ շուրջ 10 միլիոն դոլարի ապրանք է գողացել, որը վաճառվել է սեւ շուկայում:

Իրավապահները մեկ տարի շարունակ փորձում էին բռնել հանցագործներին: Նրանք պարզել են, որ խմբի ղեկավարը Արթուր Սարգսյանն է, եւ հուլիսի 25-ին հաղորդագրություն էին հրապարակել` մեկ միլիոն դոլար խոստանալով այն մարդուն, ով տեղեկություններ կհաղորդի նրա գտնվելու վայրի մասին:

«Lոս Անջելես դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, հաջորդ օրն իսկ Սարգսյանը ձերբակալվել է, երբ նրա մեքենան կանգնեցրել են` առանց ամրագոտիները կապելու մեքենան վարելու համար, եւ ոստիկանը ստուգել է վարորդի ինքնությունը:

Lոս Անջելեսի ոստիկանության տնտեսական հանցագործությունների գծով քննիչ Ռոբերտ Ռիվերան ասել է, թե խմբի անդամները մեքենայի սովորական գողեր չեն, դա կազմակերպված հանցավոր խումբ է` խոշոր գործ, ուր ներգրավված են մեծ փողեր:

Lոս Անջելեսի դատարանը խմբի ղեկավարին ծանր հանցագործությունների մեջ է մեղադրում մի շարք հոդվածներով` հանցավոր համաձայնություն, խոշոր չափերի կողոպուտ, գողացված ապրանքների իրացում: Մեղադրանքները հաստատվելու դեպքում Արթուր Սարգսյանին ավելի քան 10 տարվա բանտարկություն է սպառնում:

Դատավարությունը կսկսվի երկուշաբթի օրը, երբ դատարանը մեղադրանքը պաշտոնապես կառաջադրի Սարգսյանին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG