Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան չի՞ բացառում Ղարաբաղի անկախության ճանաչումը


Ադրբեջանում այս օրերին բուռն քննարկումների թեմա է դարձել «Վրեմյա նովոստեյ» թերթում օգոստոսի 6-ին հրապարակված հարցազրույցը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Մասնավորապես, տեսակետներ են հնչում, թե համանախագահը այդ հարցազրույցում չի բացառել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան հանրային կապերի պատասխանատու Ջոնաթան Հենիքը ANS հեռուստաընկերությանը ասել է, թե անձամբ կարդացել է Բրայզայի հարցազրույցը եւ այնտեղ Միացյալ Նահանգների քաղաքականության ոչ մի շեղում չի նկատել:

Ադրբեջանի արտգործնախարար Արազ Ազիմովն ասել է, թե չի հավատում, որ Բրայզան այդպիսի բան ասած լինի:

Հիշյալ հարցազրույցում Մեթյու Բրայզան, մասնավորապես, ասում է. - «Կարծում եմ, երեք գլխավոր սկզբունք կա, որ կազդեն բանակցությունների վրա. հրաժարվել ուժի կիրառումից, պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Կարծում եմ, յուրաքանչյուր հակամարտությունում` լինի Վրաստանում, Կովկասում, ցանկացած վայրում` Աբխազիայում, Ղարաբաղում, Մոլդովայում նույնպես, եթե մարդիկ փոխզիջում են փնտրում, ապա պետք է փոխզիջումը գտնել այս երեք սկզբունքների միջեւ»:

Նույն պարբերությունում Մեթյու Բրայազան ասում է. - «Ես, օրինակ, ներկայացնում եմ մի երկիր, որը հիմնադրվել է անջատողականների կողմից: Որոշ ժամանակ անց մյուս երկրները ճանաչեցին մեր անկախությունը, դա նորմալ է. մենք ինքնորոշվելու իրավունք ստացանք: Եվ նույն այդ ժամանակ` 18-րդ դարում, մի քանի տարի անց, արդեն Իսպանիայի նախկին գաղութները մեր օգնության կարիքն ունեին, որպեսզի մենք ճանաչենք նրանց անկախությունը, բայց մենք ասացինք` «ոչ, շնորհակալություն, դա մեր հետաքրքրությունների մեջ չէ»: Նրանք ասում էին` «բայց չէ որ մենք ճանաչեցինք ձեր անկախությունը», բայց մենք պատասխանեցինք, որ յուրաքանչյուր դեպքի համար մոտեցումները տարբերվում են միմյանցից»:

«Կարծում եմ, Ղարաբաղում հաճելիորեն կզարմանան` իմանալով, որ համեմատվում են Միացյալ Նահանգների հետ` որպես անկախության համար պայքարող նախկին գաղութի», - նկատում է թղթակիցը, ինչին Բրայզան ծիծաղելով արձագանքում է. - «Եվ Հայաստանում նույնպես»:

Իսկ այն հարցին, թե Ղարաբաղի հիմնախնդրով բանակցություններում ինչպե՞ս է հնարավոր փոխզիջում գտնել տարածքային ամբողջականության սկզբունքի ու ազգային ինքնորոշման իրավունքի միջեւ, Մեթյու Բրայզան պատասխանում է. - «Դա առաջնորդների խնդիրն է: Ինքնորոշման իրավունքը կարող է հասնել մինչեւ անկախություն կամ մինչեւ ինքնավարություն. ես` որպես միջնորդ եւ դիվանագետ, չեմ կարող սահմանել, ինչ կարգավիճակ կլինի` դա իմ խնդիրը չէ: Հնարավոր է, որ ժողովրդի ներկայացուցիչները հետագայում որոշեն, թե Ղարաբաղի համար լավ կլինի անկախությունը: Իսկ գուցե նրանք որոշեն, թե լավ կլինի Ադրբեջանի մաս լինել անկախության շատ բարձր աստիճանով: Բայց դա իմ խնդիրը չէ. կարող եմ ասել, որ այսօր, համաձայն միջազգային նորմերի, մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ընթանում են բանակցություններ, մենք փնտրում ենք փոխզիջումներ»:

Թղթակցի հարցին, թե արդյոք խոսքը ապագա հանրաքվեի՞ մասին է, Բրայզան պատասխանում է. - «Գերադասում եմ չմեկնաբանել նախագահների միջեւ անցկացված քննարկումների մանրամասները, բայց կարող եմ ասել, որ, այո, ժամանակ առ ժամանակ այդ հարցն առաջանում է: Ադրբեջանի սահմանադրությամբ հանրաքվե պետք է անցկացվի Ադրբեջանի բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Եթե այդպես է, ապա դա ի՞նչ կնշանակի Ղարաբաղի ապագա կարգավիճակի համար: Ի՞նչ արդյունք դա կունենա»:

«Եվ հայկական կողմը հիմա մտածում է դրա շուրջ` ի՞նչն է իր համար լավ, ի՞նչ կնշանակի այդ հանրաքվեն, եթե ադրբեջանական կողմը ամբողջությամբ մասնակցելու է դրան: Իսկ գուցե ուրի՞շ սահմանում, ուրի՞շ բառ լինի, որը կարտահայտի ձայների կամ բնակիչների քանակը, կամ Ղարաբաղի նախկին բնակիչների, որոնք կարող են մասնակցել քվեարկությանը», - ասում է ամերիկացի համանախագահը` վերստին ընդգծելով. - «Եվ այս հարցը նախագահների համար է եւ ոչ ինձ համար»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG