Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը այցելում է Ղազախստան


Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Ղազախստան:

«Ես Ղազախստան այցելում եմ երկրորդ անգամ, եւ կարող եմ ասել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները եղբայրական են եւ հեռանկարային», - այցի նախօրեին «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ալիեւը:

Այցի շրջանակներում Իլհամ Ալիեւը կհանդիպի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, երկրի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ: Նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր:

Քննարկվելիք կարեւորագույն խնդիրներից է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղային նախագծին Ղազախստանի միանալու հարցը: Ղազախստանի հետ բանակցությունները սկսվել են երկաթուղու շինարարության վերաբերյալ այս տարվա փետրվարին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

«Տարիներ շարունակ մենք ջանքեր էինք թափում նախագիծը կյանքի կոչելու համար` այն դեպքում, երբ միջազգային ֆինանսավորող կազմակերպությունները որեւէ հետաքրքրություն չէին ցուցաբերում դրա նկատմամբ: Այժմ մենք նախագիծն իրականացնում ենք սեփական միջոցներով, եւ շինարարական աշխատանքները սեպտեմբերից արդեն կսկսվեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքերով, Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղին դառնալու է Ղազախստանից եւ Չինաստանից դեպի եվրոպական շուկա ապրանքի արտահանման ամենահուսալի ուղին:

Բացի այդ, ըստ Ալիեւի, Ղազախստանի ղեկավարների հետ քննարկվելու է նաեւ էներգառեսուրսների փոխադրման ծրագիրը:

«Այս պահին մենք միասին աշխատում ենք էներգետիկայի, տրանսպորտի, հումանիտար եւ տնտեսական մի շարք ռազմավարական խնդիրների լուծման ուղղությամբ: Մեծ ծրագրեր կան կասպյան էներգառեսուրսների տարանցիկ փոխադրման հեռանկարում», - ասել է Ադրբեջանի նախագահը` ընդգծելով, որ Ղազախստանի հետ «հիանալի» հարաբերությունները հիմք են դառնալու խոշորածավալ տնտեսական ծրագրերի իրականացման համար:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG