Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը ժամանել են Մերձավոր Արեւելք


Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու երկրի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը այսօրվանից կսկսեն իրենց հանդիպումները մերձավորարեւելյան երկրների ղեկավարների հետ` օրակարգում ունենալով Իրաքի պատերազմի եւ իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների խնդիրները:

Ռայսը եւ Գեյթսը մտադիր են միասին մասնակցել Եգիպտոսում եւ Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպումներին: Այնուհետեւ Քոնդոլիզա Ռայսը կմեկնի Իսրայել եւ Պաղեստանյան ինքնավարության տարածք, իսկ Գեյթսը` Պարսից ծոցի երկրներ:

Նրանք արաբական պետությունների ղեկավարներին հորդորելու են մասնակցել նախագահ Ջորջ Բուշի նախաձեռնությամբ այս տարվա աշնանը կայանալիք խորհրդաժողովին, որը կքննարկի Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու հարցը:

Ռայսի եւ Գեյթսի մերձավորարեւելյան այցից տառացիորեն մի քանի ժամ առաջ Վաշինգտոնը հրապարակել է տարածաշրջանի երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելու ծրագիրը, որի համաձայն առաջիկա 10 տարում Իսրայելը կստանա 30 միլիարդ դոլար, Եգիպտոսը` 13 միլիարդ: Մեծ գումարներ են նախատեսված նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի երկրների համար:

Քոնդոլիզա Ռայսը Մերձավոր Արեւելք մեկնելուց առաջ իռլանդական «Շենոն» օդակայանում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին եւ Իսրայելին հատկացվող բազմամիլիարդ դոլարների ռազմական օգնությունը չի ապակայունացնի տարածաշրջանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG