Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան. «Չեմ կարծում, որ Քոչարյանը պաշտպանի Դաշնակցության թեկնածուին»


Հայ հեղափոխական դաշնակության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր կարծիք հայտնեց, որ 2008-ի ընտրություններում նախագահ Քոչարյանը չի պաշտպանի Դաշնակցության թեկնածուին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով Հանրապետականի՞, թե՞ Դաշնակցության թեկնածուին պաշտպանելու հայտարարություն կանի նախագահ Քոչարյանը, Ռուստամյանը ասաց. - «Չեմ կարծում, որ մեր թեկնածուին աջակցելու [հայտարարություն կանի]: Ճիշտ կլինի, որ անի... Վստահ եմ, վարչապետին [պաշտպանելու հայտարարություն կանի]:

Իսկ նախագահի իր թեկնածուի անունը, Ռուստամյանի փոխանցմամբ, Դաշնակցությունը կորոշի աշնանը հրավիրելիք Գերագույն ժողովում: Վկայակոչելով կուսակցության շարքերում իշխող տրամադրությունները` Ռուստամյանը հայտարարեց. - «Իսկապես վստահ եմ, որ այդ անձը կլինի կուսակցության անդամ»:

Արձագանքելով հարցին, թե որքանո՞վ հավանական է նախագահական ընտրություններում Դաշնակցություն - «Ժառանգություն» համագործակցությունը, ՀՅԴ-ի ղեկավար անդամը նախ ասաց, որ սեպտեմբերից կսկսեն խորհրդակցությունները բոլոր քաղաքական ուժերի հետ` նախագահի ընտրությունները «ժողովրդավարության իմպուլսի» վերածելու ուղղությամբ, «շատ լուրջ» համագործակցության կգնան իրենց առաջարկությունները փաթեթը ընդունող քաղաքական ուժերի հետ:

««Ժառանգության» մասով արդեն որոշակի գաղափարական նմանություններ կան», - շարունակեց նա: - «Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները մեզ համար լիովին ընդունելի են եղել, ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները միշտ էլ կառուցողական բնույթ են ունեցել` հենց ազգային գաղափարախոսության հենքի վրա: Դա արդեն բավական լուրջ հնարավորություն է տալիս, որպեսզի ավելի ամուր համագործակցության հնարավորություններ տեսնենք»:

Ռուստամյանը նաեւ «չափազանց հավանական է համարում, որ մի փուլում չեն ավարտվի [նախագահի] ընտրությունները»:

Պատասխանելով «Արմինֆո»-ի եւ «Ա1+»-ի թղթակիցների հարցերին, որոնք վերաբերում էին «Ազատություն» ռադիոկայանի` Հանրային ռադիոյով հեռարձակման շուրջ ստեղծված իրավիճակին, Արմեն Ռուստամյանը ասաց. - «Ո'չ կարող եմ ավելացնել, ո'չ էլ պակասեցնելու խնդիր ունեմ նրան, ինչ որ ասել է շատ լայնածավալ եւ բազմակողմանի Հրանտ Մարգարյանը»:

«Ազատություն» ռադիոկայանին հուլիսի 9-ին տված հարցազրույցում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, մասնավորապես, ասել էր. - «Ես միշտ վիրավորված եմ զգացել, իմ ազգային արժանապատվությունը վիրավորված է զգացել, որ իմ պետությունը մի այլ պետության ռադիոհաղորդում է տրամադրում նյութականի պակասի պատճառով»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG