Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրային ռադիոն հրաժարվում է երկարաձգել «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման պայմանագիրը


Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդին չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել Հայաստանի հանրային ռադիոյի հետ` «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հետագա վերահեռարձակման շուրջ:

Երեկ ուշ երեկոյան «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը եւ այն վերահսկող գործակալությունը` Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը Վաշինգտոնում տարածել են հաղորդագրություն` մտահոգություն արտահայտելով այն կապակցությամբ, որ Հայաստանի Հանրային ռադիոն հրաժարվել է երկարաձգել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերի հեռարձակումը շարունակելու վերաբերյալ պայմանագիրը:

««Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերը Հայաստանի Հանրային ռադիոյով` երկրի հիմնական ռադիոցանցով, վերահեռարձակվել են 1998 թվականից ի վեր` նվաճելով մեծ թվով ունկնդիրների վստահությունը: Ուսումնասիրությունների տվյալները վկայում են, որ Հայաստանի մեծահասակ բնակչության 15 տոկոսը ամեն շաբաթ լսում է «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը: Անցած շաբաթ Երեւանում կայացած եռօրյա քննարկումները Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հեռարձակման ոլորտի պաշտոնյաների միջեւ ավարտվեցին առանց որեւէ համաձայնության նոր պայմանագրի շուրջ` փետրվարին ժամկետն ավարտվածի փոխարեն», - ասված է հաղորդագրությունում:

«Մեր պատվիրակությանը խնդրեցին մեկնել Երեւան` շտկելու որոշ աննշան տեխնիկական հարցեր եւ կնքելու այս հաջող գործընկերությունը երկարաձգելու մասին պայմանագիր», - ասել է Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Գլասսմանը: - «Բոլոր այդ հարցերը լուծվեցին: Մեր պատվիրակությանն ասացին, որ վերջնաժամկետներ չկան եւ որեւէ սպառնալիք չկա, որ «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը դուրս կմնան Հանրային ռադիոյի եթերից: Պայմանագիրը, այդուհանդերձ, մնաց չստորագրված, իսկ վճարումները կատարելու մեր առաջարկությունը մերժվեց: Ակնհայտ է, որ այն, ինչը խոչընդոտում է պայմանագրի ստորագրմանը, կապ չունի իրավական, պայմանագրային կան տեխնիկական հարցերի հետ»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրային ռադիոյի հետ», - հավելել է Գլասսմանը, - «եւ, անշուշտ, ուզում ենք շարունակել դրանք: Մենք ակնկալում ենք, որ պայմանագիրը կստորագրվի, եւ երբ մեր հայաստանցի գործընկերները կասեն, որ պատրաստ են, մենք կկատարենք պայմանագրով համաձայնեցված վճարումները»:

«Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին չընդունեց լրատվության ոլորտում օրենսդրական լրամշակումները, որոնք «Ազատություն» ռադիոկայանին եւ այլ օտարերկրյա հեռարձակողներին կզրկեին հանրային եթերից: Մեկ շաբաթ անց Հանրային ռադիոն տեղեկացրեց, որ ծրագրում է օգոստոսի 9-ից դադարեցնել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի հեռարձակումը` վկայակոչելով պայմանագրային եւ վճարումների հետ կապված խնդիրներ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եւ Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի իրավասու պաշտոնյաների` անցած շաբաթվա այցը Երեւան այդ խնդիրները լուծելու նպատակ էր հետապնդում», - փաստել է Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը:

«Հանրային ռադիոյի հետ մեր արդյունավետ համագործակցության հնարավոր դադարեցումը չունի որեւէ տնտեսական կամ իրավական արդարացում», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը: - «Հայաստանցիները 8 ամիս հետո ընտրելու են երկրի հաջորդ նախագահին, ուստի հատկապես կարեւոր է, որ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումները, որոնք աչքի են ընկնում ճշգրտությամբ եւ օբյեկտիվությամբ, հասանելի լինեն հնարավորինս մեծ լսարանի համար: Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանումը մեր կողմից դրվատանքով առանձնացրեցին ԵԱՀԿ-ի դիտորդները` հավասարակշռվածության եւ համակողմանիության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG