Մատչելիության հղումներ

Հայ - իրանական միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկվել են կարեւոր տնտեսական ծրագրեր


Հայ - իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի` այսօր Երեւանում կայացած 7-րդ համատեղ նիստը աչքի է ընկել մի շարք կարեւոր տնտեսական ծրագրերի խորը քննարկմամբ: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի համանախագահ, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարի խոսքերով, ներկայումս քննարկման ընթացքում են ենթակառուցվածքային մի քանի հիմնարար ծրագրեր էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում:

Ընդգծելով ամենատարբեր ուղղություններով գործակցությունը զարգացնելու` երկու երկրները հաստատակամությունը, հանդիպման մասնակիցները նշել են, որ հայ-իրանական քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն իրենց արտացոլումն են գտնում նաեւ տնտեսության ոլորտում: Նրանք կարծիք են հայտնել, որ դեռեւս բավարար չեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները, եւ կան ծավալները մեծացնելու լուրջ հնարավորություններ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները:

Մանուչեհր Մոթթաքիի հետ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի եւ Իրանի` հարեւաների հետ հարաբերությունների շուրջ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմի գնահատականները:

Մանուչեհր Մոթթաքին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների ընթացքն ու վերջին արդյունքները: Նա հավաստիացրել է, որ Իրանը ջանում է բացառապես բանակցային ճանապարհով հարթել առկա տարաձայնությունները եւ հարցը կարգավորել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG