Մատչելիության հղումներ

Դեմոկրատներին վերստին չհաջողվեց անցկացնել Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին օրինագիծը


Երեկ ԱՄՆ-ի Սենատում ձախողվել է Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին օրինագիծ անցկացնելու` դեմոկրատների արդեն երրորդ փորձը:

Հունվարին Կոնգրեսում մեծամասնություն ստանալուց հետո դեմոկրատները փորձում են ընդունել Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերման մասին օրինագծեր, սակայն կամ նախագահ Ջորջ Բուշն է վետո սահմանել դրանց նկատմամբ, կամ էլ հանրապետական օրենսդիրներն են խափանել նախագծերի ընդունումը:

Եթե Սենատը երեկ ընդուներ նախագիծը, եւ այն հետագայում ստորագրվեր նախագահի կողմից, ինչը վերլուծաբանները բացառում են, ապա դրա` օրենքի ուժ ստանալուց 120 օր անց պետք է սկսվեր Իրաքից ամերիկյան զորքի դուրսբերումը:

Օրինագծի ընդունումը կանխելու համար հանրապետականները կիրառել են օրենսդիրների տրամադրության տակ եղած բյուրոկրատական ընթացակարգի բոլոր հնարավորությունները, այդ թվում այսպես կոչված «ֆիլիբասթերինգը»՝ ժամանակային սահմանափակում չունեցող ելույթները:

Երբ ակնհայտ է դարձել, որ այդ մարտավարությունը հանրապետականներին հաջողություն է բերում, Սենատում դեմոկրատների մեծամասնության ղեկավար, Նեւադայից ընտրված սենատոր Հարի Ռիդը հանրապետականներին մեղադրել է նախագահ Բուշի քաղաքական շահերը ԱՄՆ-ի եւ ամերիկացի զինծառայողների շահերից բարձր դասելու համար:

«Դժբախտաբար, հանրապետականները նախընտրել են արգելափակել օրինագիծը, մերժել ուղղակի ընտրության ամերիկացիների իրավունքը եւ շարունակել պաշտպանել իրենց նախագահին` անկախ այն բանից, թե ինչ գին է դրա համար վճարում մեր երկիրը», - ասել է Ռիդը:

Դեմոկրատները Սենատում ունեն ընդամենը 2 քվեի առավելություն: Սենատի կանոնադրության համաձայն, օրինագիծը քվեարկության դնելու համար անհրաժեշտ է առնվազն 60 սենատորների համաձայնությունը: 24 ժամ տեւած քննարկումներից եւ ճառերից հետո 60 սենատորների համաձայնություն չի ապահովվել, եւ դեմոկրատները ետ են կանչել օրինագիծը:

Հանրապետականները պնդում են, որ եթե ամերիկյան զորքը իր առջեւ դրված խնդիրները չկատարելով հեռանա Իրաքից, ապա այդ երկրում կսկսվի համատարած քաոս եւ սպանդ:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը անցած շաբաթ քվեարկել էր մինչեւ հաջորդ տարվա ապրիլ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերում պահանջող օրինագծի օգտին:

«Նյու 3որք թայմս»-ի եւ SBS հեռուստակայանի` վերջերս համատեղ անցկացած հարցախույզի արդյունքների համաձայն, ամերիկացիների 75 տոկոսը կարծում են, որ «պատերազմն Իրաքում վատ է ընթանում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG