Մատչելիության հղումներ

Իրանում ստեղծել են «հայրենասիրական» համակարգչային խաղ


Իրանի իսլամական բարձրագույն կրթության կազմակերպությունը երեկ ներկայացրել է համակարգչային խաղ, որի նպատակն է «խրախուսել երիտասարդների շրջանում աջակցությունը Իրանի միջուկային ծրագրերին»:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, «Հատուկ գործողություններ - 85» կոչվող խաղի սցենարով ամերիկացիները ձերբակալում են Իրաք ուխտագնացության մեկնած իրանցի երկու գիտնականի: Խաղի հերոսը՝ իրանական հատուկ ծառայությունների գործակալը, ոչ միայն փրկում է գիտնականներին, այլեւ բացահայտում ու վնասազերծում է Իսրայելի օգտին լրտեսող իրանցուն, որը փորձել է միջուկային հետազոտությունների արդյունքները փոխանցել Արեւմուտք:

«Մենք ընտրել ենք երեխաների շրջանում շատ սիրված ժամանցը՝ համակարգչային խաղը, որպես մատաղ սերնդին զոհաբերության եւ նահատակության արժեքները փոխանցելու միջոց», - հայտարարել է Իրանի իսլամական բարձրագույն կրթության կազմակերպության գլխավոր քարտուղար Մոհամադ Թաքի Ֆախրիանը:

Այն հարցին, թե «արդյոք այդ խաղի որոշ դրվագներ Արեւմուտքը չի՞ մեկնաբանի որպես աջակցություն ահաբեկիչներին», Ֆախրիանը պատասխանել է, թե խաղի նպատակն է՝ երեխաներին բացատրել արժանապատվության արժեքը եւ հակազդել Արեւմուտքում արտադրվող հակաիրանական համակարգչային խաղերին:

Իրանի իսլամական բարձրագույն կրթության կազմակերպությունը ընդամենը 40 հազար դոլար է ներդրել «Հատուկ գործողություններ - 85»-ը ստեղծելու համար:

Իրանցի ծրագրավորողները խաղը ստեղծել են երեք տարում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG