Մատչելիության հղումներ

Ալեք եւ Մարի Մանուկյանների մարմինները ամփոփվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամփոփվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի եւ նրա տիկնոջ` Մարի Մանուկյանի մարմինները:

Վերահուղարկավորումը կատարվեց պետական բարձր պատիվներով եւ եկեղեցական ծիսակարգով:

Ալեք Մանուկյանը Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս է, ուստի նրա դագաղը ծածկված էր պետական դրոշով:

Էջմիածնի Մայր տաճարի բացօթյա խորանում, որը կառուցվել է Մանուկյանների դստեր` Լուիզ Սիմոն Մանուկյանի բարեգործական միջոցներով, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հոգեհանգստյան կարգ կատարեց:

«Ալեք Մանուկյանը` իբրեւ հարազատ զավակը իր ժողովրդի, միշտ կապված եղավ հայրենիքի հոգսերին ու ապրեց նրա հույսերով», - ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Հոգեհանգստյան կարգից հետո Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները ամփոփվեցին իրենց բարերարությամբ կառուցված գանձատան առջեւ:

Հուղարկավորությանը մասնակցեցին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մտավորականներ:

Արարողությանը մասնակցելու նպատակով Երեւանում է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը:

Ալեք եւ Մարի Մանուկյանների աճյունները Դիթրոյթից Երեւան էին տեղափոխվել հուլիսի 13-ին: Մինչ վերահուղարկավորումը բարերարների մարմինները տեղադրվել էին Սուրբ Գայանե վանքում, ուր հավատացյալները հնարավորություն ունեցան իրենց աղոթքն ու հարգանքը մատուցել:

Լուիզ Սիմոն Մանուկյանը հայտնեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր ծնողների աճյունների վերահուղարկավորման նախաձեռնությունը Ամենայն հայոց կաթողիկոսինն է:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG