Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրներում իրենց կյանքից ամենագոհը դանիացիները եւ շվեդներն են


Եվրամիության անդամ երկրներում իրենց կյանքից ամենից շատ գոհ են դանիացիներն ու շվեդները, իսկ դժգոհ` բուլղարացիները: Այդ են վկայում Եվրամիության անդամ 27 երկրներում TNS-Gallup կենտրոնի անցկացրած «Եվրոբարոմետր» հարցման արդյունքները:

Եվրոպացիների 80 տոկոսը գոհ են կյանքից, 19 տոկոսը` դժգոհ, իսկ մեկ տոկոսը ուղղակի չի ցանկացել դժգոհություն հայտնել:

Նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին ամիսներին կյանքից դժգոհ եվրոպացիների թիվը 10 տոկոսով ավելացել է, ինչը վերլուծաբանները բացատրում են Եվրամիության կազմում նոր երկրների` Բուլղարիայի եւ Ռումինիայի ընդգրկմամբ:

Դանիացիները իրենց կյանքից գոհ են այն դեպքում, երբ, ըստ Eurostat վիճակագրական բյուրոյի հրապարակած ցուցանիշների, այս երկրում կյանքն ամենաթանկն է. Դանիայում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գինը շուրջ 142 տոկոսով բարձր է Եվրամիության անդամ մյուս երկրներից:

Առավել թանկ երկրների շարքում Դանիային հաջորդում են Շվեդիան, Իռլանդիան, Ֆինլանդիան եւ Մեծ Բրիտանիան: Իռլանդիան Եվրամիության երկրների շարքում առաջինն է ալկոհոլի բարձր գներով` Եվրամիության մյուս երկրների համեմատ այնտեղ ալկոհոլը թանկ է 181 տոկոսով, իսկ Մեծ Բրիտանիան առաջինն է ծխախոտի թանկությամբ` 205 տոկոս:

Եվրամիության ամենաէժան երկրները Բուլղարիան, Լիտվան, Լեհաստանն ու Սլովակիան են. սննդամթերքի գներն այստեղ շուրջ երկու անգամ ցածր են Եվրամիության մյուս երկրներից:

Եվրոպայի ամենաէժան ծխախոտը Լատվիայում է, իսկ Բուլղարիայում կարելի է ամենաէժան գներով հաց եւ ալկոհոլային խմիչք գնել:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG