Մատչելիության հղումներ

Արզումանյանի փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալին Մոսկվայից գումար ուղարկողը Լեւոն Մարկոսը չի եղել


Մայիսի 10-ին «փողի լվացման» մեղադրանքով կալանավորված Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց, որ իրեն «հաստատապես հայտնի է», որ Մոսկվայում հարցաքննվել է Սաշիկ Աղազարյանը եւ հաստատել է մամուլում հրապարակած իր հայտարարությունը, որ գումար է ուղարկել ուսանողական տարիների ընկեր Ալեքսանդր Արզումանյանին` վերջինիս խնդրանքով:

«Ակնհայտ դարձավ, որ գումարն ուղարկել է ոչ թե Ռուսաստանի դաշնության քաղաքացի, հայազգի մեկ այլ գործարար Լեւոն Մարկոսը, այլ հենց Սաշիկ Աղազարյանը», - հավելեց Արսենյանը:

Փաստաբանի խոսքերով, մայիսի 7-ին ձերբակալելուց ի վեր Արզումանյանը հարցաքննվել է 4 անգամ: Վերջին հարցաքննության ժամանակ` երեկ, նախկին արտգործնախարարը, ինչպեսեւ նախորդ հարցաքննությունների ժամանակ, կրկին հրաժարվել է ցուցմունք տալ: Իսկ նախորդ հարցաքննությունների ժամանակ ընդամենը խորհուրդ էր տվել նախաքննության մարմին հարցաքննել Մոսկվայում ապրող հայզգի գործարար Սաշիկ Աղազարյանին` հավելելով. - «Դուք կտեսնեք, որ իմ անմեղությունը կհաստատվի»:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության` մայիսին տարածած հաղորդագրության` «2007-ի ապրիլի 24-26-ին Վահան Շիրխանյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում եւ, համաձայնության գալով 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ, կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայության քննչական խումբը շարունակում ոչ միայն քրեական հետապնդում իրականացնել, այլեւ անազատության մեջ պահել Ալեքսանդր Արզումանյանին, Հովիկ Արսենյանը պատասխանեց. - «Ասել են, թե քննչական գործողությունները շարունակվում են, ստուգվում են տվյալները»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG