Մատչելիության հղումներ

12-ամյա Սիմոնյանի դիակի վրա «հրազենից ստացված վնասվածքի հետք չի հայտնաբերվել»


Հայաստանի դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ երեկ երեկոյանի Գյումրիում հայտնաբերված 12-ամյա Ռոբերտ Սիմոնյանի դիակի վրա հրազենային վնասվածքի հետք չի հայտնաբերվել:

Սիմոնյանը անհետ կորել էր մայիսի 20-ից. այդ օրը Գյումրիում տեղի էր ունեցել փոխհրաձգություն` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ, եւ վարկածներ էին շրջանառվում, թե երեխան կարող էր մահացած լիներ հենց այդ կրակոցների արդյունքում:

«Երեխան հայտնաբերվել է տնակում, որտեղ, ըստ նախնական տեղազննության արդյունքների, գործել է պայթուցիկ նյութ», - ասաց Սոնա Տռուզյանը: - «Դեպքի վայրի եւ դիակի զննությամբ պարզվել է, որ Ռոբերտ Սիմոնյանի դիակի վրա, ինչպես նաեւ տնակի պատերին, առաստաղին եւ հատակին հայտնաբերվել են բազմաթիվ ռազմամթերք հանդիսացող բեկորային վնասվածքներ: Նշանակվել է պայթյունատեխնիկական եւ դատաբժշկական փորձաքննություն` Ռոբերտ Սիմոնյանի մահվան պատճառը եւ օգտագործված ռազմամթերքի տեսակը պարզելու համար»:

«Նախաքննությունը շարունակվում է եւ վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ», - ասաց Տռուզյանը:

12-ամյա գյումրեցի այս երեխայի անհետացումը եւ ապա դիակի հայտնաբերումը գրեթե երկու ամիս անց քաղաքի բնակիչների մոտ բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել: Նախ, ոստիկանությունը գրեթե երկու ամիս որոնողական աշխատանքների (այդ թվում` վարժեցված շներով) ընթացքում չի կարողացել հայտնաբերել երեխայի դիակը Սիմոնյանների տան մոտակայքում գտնվող տնակում: Ապա` լքված տնակում տեղի ունեցած պայթյունի ձայնը հարեւանությամբ ապրողները, իրենց պնդմամբ, չեն լսել:

«Չգիտեմ: Ես ոչինչ չեմ կարող ասել», - ասաց նրանցից մեկը: - «Ուղղակի հոտ ենք առել ու ճանճեր ենք տեսել: Ուրիշ ոչ մի բան»:

«Մի հատ կրակոց է լինում` քաղաքով մեկ լսվում է: Այդ ինչպե՞ս պայթյունը ոչ ոք չլսեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյումրեցի մի կին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG