Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում մեկնաբանում է ՎՈւԱՄ-ի հայտարարությունը, որում դատապարտվում են Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրությունները. - «Տվյալ պարագայում ընդգծված հակահայաստանյան եւ հակաղարաբաղյան հռետորաբանության տակ դրված են ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլեւ զանազան բազմակողմ եւ երկկողմ ֆորմատների շրջանակներում Հայաստանի կողմից բարեկամ հռչակված Թբիլիսիի, Կիեւի եւ Քիշնեւի ստորագրությունները: Սա արդեն պետք է որ հայկական կողմին լուրջ մտորումների առիթ տա: Հարկ է մտածել, վերլուծել եւ հասկանալ` ինչո՞ւ են Հայաստանի համար բարեկամ այդ երկրները մեր դեպքում անտեսում միջազգային չգրված էթիկետի նորմերն ու առնվազն արտաքուստ` չեզոքություն չեն պահպանում»:

«Ժամանակ-Երեւան» թերթի փոխանցմամբ «երեկ տեղի է ունեցել ՀՀԿ-ի խորհրդի նիստը, որը որոշել է հուլիսի 14-ին արտահերթ համագումար չհրավիրել»։ Թերթի հարցին ի պատասխան, թե՝ «ի՞նչն էր նման որոշման պատճառը, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է. - «Քաղաքական փոփոխություններ պետք է կատարվեն, որպեսզի ավելորդ շտապողականություն չլինի, շատ ավելի հիմնովին եւ ամբողջական լինի այդ հարցերին մոտեցումը»։ «Քանի որ աշնանը հրավիրվելու է ՀՀԿ-ի հերթական համագումարը, նպատակահարմար գտնվեց, որ այդ հարցերին անդրադառնանք աշնանը հրավիրվելիք համագումարում», - հավաստել է Շարմազանովը` պնդելով, որ «հետաձգման որեւէ այլ պատճառ չկա». - «Հոկտեմբերին կայանալիք համագումարում ՀՀԿ-ն հաստատելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, ինչպես նաեւ ընտրելու է կուսակցության խորհրդի նոր կազմ»։

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը, կոռուպցիայի խնդիրը դիտարկելով, ընդգծել է. - «Այսօր մեզանում կոռուպցիայի ծավալներն այնպիսին են, որ ոչ թե պարզապես ազդում, այլեւ երբեմն բարոյական մթնոլորտ են ձեւավորում հասարակության մեջ։ Ըստ էության, խոսքը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին է։ Քանզի հաճախ որոշումներ ընդունելիս նախապատվությունը տրվում է ոչ թե պետական, այլ նեղ անձնական շահերին։ Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդները հնացել են եւ պատշաճ արդյունք չեն տալիս: Ինչ խոսք, կոռուպցիոն հիվանդությունը չափազանց բարձիթողի վիճակում է. սա փաստ է։ Բայց կա նաեւ մեկ այլ փաստ. արագ բուժումն անհնար է, նույնիսկ վտանգավոր։ Վտանգավոր է երկրում կայունության համար։ Մանավանդ նախընտրական շրջանում»։

ՀՀՇ-ի վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը «Հայք»-ի թղթակցի հետ զրույցում վարչապետ Սերժ Սարգսյանին կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում խորհուրդ է տվել վերացնել տնտեսական մենաշնորհները. -«Բազմաթիվ ոլորտներ իշխանությունների մենաշնորհների տակ են։ Թող առաջիկայում վերացնեն մենաշնորհը բենզինի, ալյուրի կամ շաքարավազի ներկրման շուկայում։ Մի քանի քայլ անի, որ մարդ հավատա խոսքերին... Ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն խոսում էր բարգավաճելու մասին։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞նց ենք բարգավաճելու։ Ծառուկյանը սրանից հետո հարկերը վճարելո՞ւ է այնպես, ինչպես հարկն է, թե այնպես, ինչպես իր հարցազրույցում մատնանշում էր իր մայրը։ Կամ կոռուպցիայի դեմ «պայքարի առաջամարտիկ» Դաշնակցության հասարակաց տներն ու ռեստորանները պատրա՞ստ են վճարելու հարկեր, թե կառավարության ծրագրի նման, այս դեպքում եւս նրանք պատասխանատվություն չեն կրում»։

«Տեղական ծագումով օտարերկրյա ներդրողները» վերնագրի տակ «168 ժամ» պարբերականը, հիշեցնելով, որ Հայաստանում օտարերկրյա կապիտալով ընկերությունները գործունեության առաջին երկու տարիներին ազատվում են շահութահարկից, փաստարկել է. - «Նման քաղաքականության նպատակը, հասկանալի է, Հայաստանն օտարերկրյա ներդրողների համար հրապուրիչ դարձնելն է։ Եվ պատկերացրեք՝ Վիճպետվարչությունն իսկապես ամեն տարի օտարերկրյա ներդրումների աճ է արձանագրում։ Մինչդեռ, իրականությունն այն է, որ Հայաստանում գործող, «օտարերկրյա կապիտալով» հիմնադրված եւ շահութահարկից ազատված ընկերությունների մեծ մասը պատկանում է հենց հայաստանցի գործարարներին եւ իրականում կապ չունի «արտասահմանյան կապիտալի հետ։ Ընդ որում, այս ընկերությունների սեփականատերերը հիմնականում պատգամավորներ են եւ ժամանակ առ ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի անհրաժեշտության մասին։ Իսկ ընդմիջումների ժամանակ երեւի հաշվում են, թե քանի միլիարդ վնաս են հասցրել պետությանը։ Հաշվում են ու հիանում սեփական ճարպկությամբ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG