Մատչելիության հղումներ

Ըստ բրիտանացի հետազոտողների` ընթացիկ տարում Հայաստանում ակնկալվում է 10 տոկոսի տնտեսական աճ


Բրիտանական Economist հանդեսի հետազոտական խմբի հրապարակած զեկույցի համաձայն, 2006-ին Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 13 տոկոսով, 2007-ին ակնկալվում է 10 տոկոսի աճ:

Economist-ի հետազոտական բաժնի զեկույցը վերնագրված է «Տնտեսական բում եւ վտանգավոր քաղաքականություն»:

Զեկույցն ուսումնասիրել է Արեւելյան Եվրոպայի ու նախկին Խորհրդային Միության երկրների 2006 թվականի ու 2007-ին ակնկալվող տնտեսական ցուցանիշները:

28 երկրների վերաբերող այս զեկույցում շեշտադրված է, որ բոլոր այդ երկրների ընդհանուր ցուցանիշներով համախառն ներքին արդյունքը 2006 թվականին ռեկորդային աճ է արձանագրել` ավելի քան 7 տոկոս, որը շարունակվել է նաեւ 2007 թվականի առաջին կիսամյակում:

Ուսումնասիրված տարածաշրջաններում օտարերկրյա ներդումները 2006 թվականին կազմել են 108 միլիարդ դոլար. դա 40 տոկոսով ավելի է, քան 2005 թվականին: 2005-ին օտարերկրյա ներդրումները այս տարածաշրջաններում կազմել են 77 միլիարդ դոլար:

Բերված տվյալներով` տնտեսական ամենաբարձր աճը արձանագրվել է Ադրբեջանում. 2006 թվականին Ադրբեջանի տնտեսությունն աճել է 34,5 տոկոսով: Ըստ հետազոտության, 2007-ին Ադրբեջանի տնտեսական աճը կկազմի 20 տոկոս:

Տնտեսական աճի ցուցանիշներով Հայաստանը երկրորդն է. 2006-ին Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 13 տոկոսով, 2007-ին ակնկալվում է 10 տոկոսի աճ:

Ամենաարագ տեմպերով զարգացող տարածաշրջանները Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան են:

Economist-ի հետազոտական խմբի վերլուծաբանները միաժամանակ նշում են, որ, ի հակադրություն տնտեսական աճի, այս տարածաշրջաններում «քաղաքական մտահոգիչ զարգացումներ կան»` «մտահոգության նշաններ Արեւելյան Եվրոպայում, Ռուսաստան-Արեւմուտք վատ հարաբերություններ, եւ ավտորիտարիզմի միտումներ ԱՊՀ-ի երկներում»:

Առայժմ տնտեսությունը այս քաղաքական իրավիճակից կորուստներ չի կրում, բայց Economist հանդեսի հետազոտական խմբի Արեւելյան Եվրոպայի բաժնի տնօրեն Lազա Կեկիչի խոսքերով, «վտանգ կա, որ քաղաքական վատ կառավարումը ի վերջո կվնասի տնտեսական հաջողություններին»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG