Մատչելիության հղումներ

Բան Կի-մուն. «Կոսովոյի կարգավիճակի շուրջ անորոշությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ»


Կոսովոյի կարգավիճակի շուրջ անորոշությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: Այս տեսակետն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երեկ Բրյուսելում` Կոսովոյի ալբանացի ղեկավարների եւ Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպման ավարտին:

«Այս կարեւոր խնդրի ցանկացած հետաձգում կամ ժամկետի երկարաձգում շատ վատ հետեւանքների կհանգեցնի ոչ միայն Կոսովոյի, այլեւ ամբողջ Եվրոպայի անվտանգության ու խաղաղության համար», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բան Կի-մունը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կկարողանա բանաձեւ ընդունել, որը ընդհանուր հայտարարի գալու հնարավորություն կտա պաշտոնական Մոսկվային ու արեւմտյան պետություններին:

Ռուսաստանը հայտարարում է, որ վետոյի կենթարկի ՄԱԿ-ի ցանկացած բանաձեւ, որը կնախատեսի Կոսովոյի անկախացում:

Այժմ շրջանառության մեջ է մի նախագիծ, որը հավելյալ 120 օր կտրամադրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին` նոր բանակցությունների եւ քաղաքական խորհրդակցությունների համար:

Բրյուսելում Բան Կի-մունը հայտարարել է նաեւ, որ Եվրամիության դերը Կոսովոյի կարգավորման խնդրում պետք է շարունակի առանցքային մնալ: Խոսքը, նախեւառաջ, Սերբիայի հետ հարաբերությունների մասին է. - «Սերբիայի համար հստակ խթան ու հեռանկար պետք է ապահովել, որպեսզի նվազագույնի հասցվեն Բելգրադի մտավախություններն ու տագնապները` կապված Կոսովոյի կարգավիճակի հստակեցման հետ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ, նման խթան կարող է հանդիսանալ, օրինակ, Սերբիայի անդամակցությունը Եվրոպական միությանը:

Փորձագետները, սակայն, նշում են, որ Եվրամիությունն այսօր Կոսովոյի կարգավիճակի հարցի շուրջ միասնական չէ: Հունաստանն ու Կիպրոսը հակված են պաշտպանել Սերբիային` զգուշանալով Կոսովոյի սցենարի կրկնումից Հյուսիսային Կիպրոսում: Բացի այդ, Կոսովոյի անկախության` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի ծրագրին միանշանակորեն կողմ չեն նաեւ Բուլղարիան ու Ռումինիան, որոնք մտավախություն ունեն, որ Կոսովոյի սերբական փոքրամասնությանը շնորհվող լայն ինքնավարությունը կարող է օրինակ ծառայել Ռումինիայի հարյուր հազարավոր հունգարացիների եւ Բուլղարիայի թուրքական համայնքի համար:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG