Մատչելիության հղումներ

Կառավարական երրորդ շենքի ականապատման մասին ահազանգը կեղծ էր


Այսօր մոտ 2:30-ին Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանին ընդհանուր բաժնից բերել էին նախարարին ուղղված մի նամակ, թե ամբողջ շենքն ականապատված է: Շենքից, որում գտնվում է Հայաստանի նախարարությունների մեծ մասը անմիջապես տարհանվել էին բոլոր մարդիկ: Մոտ երկու ժամ հետո պարզվեց, որ ահազանգը կեղծ է եղել:

Շենքը զննել էին ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ փրկարար ծառայության աշխատակիցները:

Հայկ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասաց, որ գրության հեղինակը նշել է իր անուն-ազգանունը` Արամայիս Ճակունց, բնակության վայրը` Երեւան քաղաքի Այգեստան թաղամաս: Փոխնախարարը փոխանցեց նաեւ, որ իրավապահներն արդեն հայտնաբերել ու ձերբակալել են գրության հեղինակին:

Պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արթուր Մինասյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ստուգվել է, ամեն ինչ նորմալ է»:

«Եթե պայթուցիկ լիներ, հաստատ կգտնեինք», - վստահեցրեց նա:

Հայկ Դարբինյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ նամակագիրը առաջին անգամը չէ, որ նման գրություններ է ուղարկում. - «Երեք նամակ բերեցին, երեքն էլ նույն ձեռագրով, նույն բովանդակությամբ, որ` մարդ եմ սպանել, գցել եմ Սեւան... Մի խոսքով, հիվանդ անձնավորություն է»:

Փոխնախարարի խոսքերով, ձերբակալված Ճակունցը, հավանաբար, կուղարկվի հոգեբուժարան:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG