Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը քննադատել է ՆԱՏ0-ին եւ Եվրամիությանը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անտեսելու համար


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ասել է, թե ՆԱՏ0-ն եւ Եվրամիությունն աչք են փակում Հայաստանի շրջափակման փաստի վրա:

«Եվրոպացիները ամաչկոտ են այդ հարցերում, նրանք սիրում են խոսել մարդու իրավունքների եւ դեմոկրատական արժեքների մասին, բայց շատ ավելի դյուրին է խոսել, քան իրագործել որեւէ բան», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Թուրքիան 1993 թվականից փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` դա ներկայացնելով իբրեւ բողոք իր մտերիմ դաշնակցի՝ Ադրբեջանի տարածքի մի մասը հայկական ուժերի կողմից գրավելու դեմ: Անկարան պնդում է, որ չի բացի սահմանը, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ չունի խաղաղության համաձայնագիր:

Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումը Հայաստանին ստիպել են առեւտրային կապերն իրականացնել միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով: Այդ դժվարությունները հանգեցրել են գների աճին:

Սերժ Սարգսյանը, ըստ «Ռոյթերզ»-ի, ասել է, որ Հայաստանը ցանկանում է առանց նախապայմանների վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ չի առարկում Եվրամիությանն անդամակցելու Անկարայի մտադրության դեմ, քանի որ դա ավելի կանխատեսելի կդարձնի Թուրքիան:

«Թեեւ ՆԱՏ0-ի ղեկավարները մեզ հավաստիացնում են, որ Թուրքիան կանխատեսելի երկիր է որպես ՆԱՏ0-ի անդամ, ես դրան չեմ հավատում, որովետեւ Թուրքիան ՆԱՏ0-ի անդամ էր մինչեւ մեզ շրջափակելը, ՆԱՏ0-ի անդամ էր նաեւ Կիպրոսը գրավելու ժամանակ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Մեկնաբաններից շատերը ենթադրում են, որ, հավանաբար, Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի հաջորդ նախագահը: «Ռոյթերզ»-ը վկայակոչում է Սերժ Սարգսյանին, որն ասել է, թե Հայաստանն անվտանգության ապահովման հարցում տակավին ունի առանցքային դաշնակցի՝ Ռուսաստանի աջակցության կարիքը եւ նշում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված է 5000 ռուսաստանցի զինծառայող:

«Ես չեմ կարծում, որ թուրքական սպառնալիքը վերացել է, ռուսական ռազմակայանն այդ սպառնալիքի դեմ մեր անվտանգության երաշխիքն է», - ասել է Հայաստանի վարչապետը:

Նա անդրադարձել է նաեւ Կոսովոյի թեմային, ասելով, որ «եթե արեւմտյան երկրները ճանաչեն Կոսովոյի անկախությունը, ապա կարող են ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»:

«Այս հարցի լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, սակայն ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից որեւէ արձագանք կամ որեւէ քայլ», - ասել է Սերժ Սարգսյանն ու հավելել. - «Մենք արել ենք այն, ինչ հնարավոր էր»:

Գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով 2008 թվականի նախագահական ընտրություններին, վարչապետը ասել է, որ «հավանաբար Հանրապետական կուսակցության կողմից թեկնածու կառաջադրվի, թեպետեւ վերջնական որոշումը չի լինի նախքան աշնանը կայանալիք կուսակցության համագումարը»:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ 2003 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել էր Ռոբերտ Քոչարյանը: Միջազգային դիտորդները հայտարարել էին, որ այդ ընտրությունների ընթացքում տեղի էին ունեցել խախտումներ: Մինչդեռ դիտորդները որպես առաջընթաց են գնահատել այս տարվա խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Ազգային ժողովում մեծամասնությունը ստացել է վարչապետ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG