Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյան. «Օրինագծերի տապալման պատճառը կոալիցիոն գործընկերների կազմակերպական թերացումն էր»


ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի պնդմամբ, Ազգային ժողովում մեծամասնություն կազմող խմբակցությունը չի փոխել իր վերաբերմունքը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում լրամշակումներ առաջարկող օրինագծերի վերաբերյալ, իսկ դրանց տապալումը Ազգային ժողովում վերագրում է ոչ թե խորհրդարանական ընդդիմությանը, այլ ՀՀԿ-ի խորհրդարանական գործընկերների [«Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ խմբակցությունների] կողմից «կազմակերպական աշխատանքում» թերանալուն:

«Կազմակերպական խնդիր է ավելի շատ եղել: Մոբիլիզացիայի պակաս է եղել», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աշոտյանը: - «Դա արդեն, նախ եւ առաջ, իրենց խնդիրն է` ֆրակցիոն, հետո նոր տեղափոխվում է կոալիցիոն համագործակցության հարթակ»:

«Խորհրդարանական ընդդիմության լուման այս գործընթացում` իր նեգատիվ առումով, այսինքն` տապալման առումով, շատ փոքր է: Այստեղ ավելի շատ խնդիրները կապված են իշխանական ճամբարի` իր քաղաքական ռեսուրսի ոչ բավարար մոբիլիզացման հետ», - հայտարարեց պատգամավորը:

Հարկ է հիշեցնել, որ օրինագծերի` երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ից քվեարկել էր 52 պատգամավոր (խմբակցության 64 անդամներից), Դաշնակցությունից (16 մանդատ) եւ «Բարգավաճ Հայաստան»-ից (25 մանդատ) քվեարկությունը մասնակցել էին ընդամենը 13 պատգամավորներ:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշակի ազդեցություն ունեցան միջազգային կառույցների հայտարարությունները` կապված «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների հնարավոր սահմանափակման մտահոգությունների հետ, Աշոտյանը արձագանքեց. - «Մարդ մի բերեք մեր երկրի վրա, որովհետեւ այդ մարդիկ էլ շատ լավ գիտեն, թե որտեղ են գալիս եւ ում հետ գործ ունեն: Եվ շատ լավ գիտեն, որ այդ մարդիկ, ովքեր այստեղ իշխանության են, ոչ միայն հավատարիմ են երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների առջեւ մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը, այլ նաեւ` հավատարիմ են այն բոլոր գաղափարներին, որը թույլ է տալիս այս իշխանությունները կոչել ժողովրդավար: Չեմ կարծում, որ Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը կապված է ամերիկյան ինչ-որ մասնավոր ռադիոկայանի գործունեությունից»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG