Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երկրի նախագահը, վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը երեկ մեկ մարդու պես շնորհավորել են հայրենակիցներին` երկրի գլխավոր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ», - գրում է «Առավոտ»-ը` հավելելով. - «Մնում է, որ օրենքը հարգելու առումով նրանք «սկսեն իրենցից»:

«168 ժամ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Այն նույն Սահմանադրության, որը 2005-ին «ծյունինգ» արվեց ամենեւին էլ ոչ ժողովրդավարկան երկրներին հատուկ մեթոդներով։ Մեր պրոբլեմը ոչ թե Սահմանադրության առանձին նորմերն են, այլ այն, որ Սահմանադրությունը մեծ հաշվով չի գործում։ Հայաստանի ներքաղաքական, տնտեսական եւ հասարակական կյանքը կարգավորվում է «բոլորովին այլ` չգրված օրենքներով ու «հասկացություններով», ու երեւի հենց սա է պատճառը, որ Հայաստանում Սահմանադրության օրն առանձնապես չի էլ տոնվում»: «Մինչդեռ նորմալ երկրում դա պետության կարեւորագույն տոներից մեկը պետք է լիներ», - եզրակացրել է խմբագրականը։

Նորացված Սահմանադրության իրողությունները արձանագրելով` «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Կարելի է ունենալ ամենաժողովրդավարական Սահմանադրությունը, սակայն, դրա հետ մեկտեղ ապրել ֆեոդալիզմի օրենքներով։ Նորացված Սահմանադրությունը բավարար հնարավորություններ է տալիս Հայաստանում ձեւավորել քաղաքացիական հասարակություն, ավաղ, ինքը՝ հասարակությունը, իր իներտության բերումով ոչ միշտ է օգտագործում այդ հնարավորությունները, եւ անկեղծ լինենք, քիչ է հետաքրքրվում այն իրավունքներով, որոնցով նրան օժտել է երկրի Հիմնական օրենքը։ Հնարավոր է, դրա պատճառն այն է, որ Հիմնական օրենքի բարեփոխումը հարուցվեց վերեւից՝ առանց երկրի շարքային քաղաքացիների կողմից դրա անհրաժեշտության խորը գիտակցման»։

«Ազգ»-ի մեկնաբանը, իր հերթին, ընդգծել է. - «Անկախ սահմանադրական փոփոխությունների որակից` միշտ հիշվելու է, որ հանրաքվեի օրը կապ չի ունեցել հասարակության մեծ մասի հետ, ու դա կպչում է Սահմանադրության վերաբերյալ հայ հասարակ մարդու պատկերացմանը, կպչում է սահմանադրորեն ապրելը հարգելու ու դա միակ կենսաձեւ ընտրելը պարտադիր համարելու բնական ընտրությանը»։ «Եվ ինչ ունենք մենք հիմա», - հարցրել է մեկնաբանն ու դրան ի պատասխան՝ թվարկել. - «Ամեն օր սահմանադրությունը խախտող իրավապահներ, պատուհանից դուրս նետված վկա, անտեղի խստությամբ բանտ նետված մի խմբագիր, մի մախկին արտգործնախարար, երկու ազատամարտիկ, բնակության սահմանադրական իրավունքից զրկված-պետության գերակա շահից տուժած քաղաքացիներ, պետական հիմնարկների ընդունարաններում քաշքշվող խեղճուկրակ մարդիկ, տեղական իշխանությունը սահմանադրությունից բարձր դրած փոքրիկ իշխաններ... սա է Սահմանադրության օրվա Հայաստանը, ու այսպիսի Հայաստանի քաղաքացիներից սահմանադրությունն ու Սահմանադրության օրը վեր դասելու պահանջ ներկայացնելը դեռեւս շուտ է: Շուտ է, բայց անհույս չէ»:

Իր հերթին «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրակազմը, ընթերցելով Հայաստանի նորացված Սահմանադրությունը, եզրակացրել է. - «Ըստ էության, սահմանադրությունը կարդալիս պիտի վերանան նորմալ քաղաքացու վերջին կասկածները երկրի վրա կյանքի նպատակահարմարության վերաբերյալ։ Կարո՞ղ է արդյոք հիասքանչ չլինել այդպիսի սահմանադրություն ունեցող պետությունը։ Կարո՞ղ է արդյոք տառապել այսպիսի ժողովուրդը։ Կարո՞ղ են արդյոք անկեղծ երջանկության շողեր չճառագել նրա աչքերը։ Չե՛ն կարող. ահա ճիշտ պատասխանը։ Ուրեմն ինչո՞ւ մեր կյանքն այդչափ հիասքանչ ու կատարյալ չէ. կհարցնի միամիտ ընթերցողը։ Որովհետեւ, կպատասխանենք մենք նրան, մեր սահմանադրությունը գրեթե կիրառելի չէ գործնականում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG