Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը ողջունում է «Ազատության» հեռարձակմանը սպառնացող օրինագծերի քվեարկության արդյունքները


«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակմանը սպառնացող օրինագծերի քվեարկությունը միասնաբար բոյկոտած «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների ղեկավարները ողջունում են «հանրային համերաշխության դրսեւորումը»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը քվեարկությունից հետո լրագրողներին ասաց. - «Սա համատեղ գործակցության լավ օրինակ էր, որն ուղղված էր ազատ խոսքի պաշտպանությանը»:

«Ուզում եմ նաեւ ողջունել բոլորին, բոլոր այն մարդկանց, ովքեր տեր կանգնեցին «Ազատությանը»: Դուք տեսաք, որ մեծամասնության մեջ էլ եղան պատգամավորներ, որոնք չքվեարկեցին», - շարունակեց նա: - «Ես այստեղ չեմ ուզում դնել կուսակցական խնդիր, ուզում եմ դնել հանրային համերաշխության խնդիր՝ ուղղված «Ազատության» պաշտպանությանը: Եվ ես կարծում եմ՝ այս քննարկումները ցույց տվեցին, որ, իրոք, շատ ավելի կարեւոր է այլակարծության իրավունքը, քան դրա բովանդակությունը»:

Ազգային ժողովում ներկայացված մյուս ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. - «Ազատության» համար պայքարը շարունակվում է: Խուսափեցինք մահապատժի առաջին փորձից, եւ այդ պայքարը պիտի շարունակենք՝ մինչեւ որ ազատությունը տեւապես եւ իր ամբողջ տարողությամբ հաղթանակի մեր երկրում: Իսկ դա նշանակում է` հետեւողական, ամենօրյա աշխատանք բոլոր քաղաքացիների կողմից: Մենք էլ մեր համեստ պարտքը կկատարենք խորհրդարանում»:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, այս գործընթացը «եւս մեկ անգամ փաստեց, որ ոչ թե ինչ-որ մեկը մեր տեղը պետք է որոշում կայացնի, այլ իրականում պետք է որոշումները կայացվեն այս տեսակի քննարկումների, պայքարի միջոցով ու պսակվեն հաղթանակով». - «Կարեւոր հաղթանակ էր եւ այն, որ յուրաքանչյուր պատգամավոր, որը դահլիճում էր, քվեարկության կոճակ սեղմելուց առաջ մտածել էր»:

Հանրապետականի խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, որը կողմ է քվեարկել փաթեթին, ասաց. - «Նորից եմ կրկնում՝ սա չէր վերաբերվում «Ազատություն» ռադիոկայանին, բայց փաստին վերաբերվում եմ որպես կատարված իրողության՝ նախագիծն անհրաժեշտ ձայներ չհավաքեց եւ չանցավ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG