Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Սկսել են «մշակել» վերնագրի ներքո փոխանցում է իր տեղեկությունները, ըստ որոնց, «անցյալ շաբաթավերջին նախագահական նստավայրից մասնավոր մի քանի ռադիոընկերությունների ղեկավարներին «հորդորել» են շատ չոգեւորվել «Ազատություն» ռադիոկայանը FM ալիքներով հեռարձակելու եւ փող աշխատելու հեռանկարով, որովհետեւ նրանցից ոչ մեկին թույլ չի տրվելու «Ազատության» հետ պայմանագիր կնքել»:

«Հայկական ժամանակ»-ը «Հաստատ փակում են» վերնագրի ներքո գրում է. - «Եթե մինչ օրս թեկուզ փոքր, այնուամենայնիվ, կասկած կար, որ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվող «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը կարող է եւ կապ չունենան «Ազատություն» ռադիոկայանի հետ, ապա հիմա կարելի է պնդել, որ այդ օրինագծերը միանշանակորեն ուղղված են հենց «Ազատության» դեմ»: «[Խորհրդարանական] մեծամասնությունը պնդում է, թե Հանրային եթերից զրկվելուց հետո «Ազատություն»-ը կարող է մասնավոր ռադիոընկերություններից եթերաժամ գնել` վճարելով պետական տուրքը` յուրաքանչյուր հաղորդման համար 60 հազար դրամ (առաջինից երկրորդ ընթերցման ճանապարհին 70 հազարը դարձել է 60 հազար): Բայց սա էլ, մեղմ ասած, դերասանություն է», - շեշտում է թերթը: «Հայկական ժամանակ»-ը երեկ փորձել է պարզել, թե արդյոք մասնավոր ռադիոընկերությունները պատրա՞ստ են եթեր տրամադրել «Ազատություն» ռադիոկայանին: «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը, ըստ հրապարակման, կտրականապես հրաժարվում է «Ազատությանը» եթեր տրամադրելուց: «Չի կարելի ազգային շահերը չպաշտպանել», - ասել է նա` պնդելով, թե «Ազատություն»-ը կողմնակալ է, իրեն դուր չի գալիս, եւ թե «Ազատություն»-ը փակելու որոշումը ճիշտ է: «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը թերթին ասել է, որ մինչեւ հանրապետության նախագահը չստորագրի օրենքը, դեռ ոչինչ պարզ չի լինի, եւ բացի այդ, եթե «որոշեն, որ «Ազատություն»-ը արգելվելու է, ապա այդ որոշումը մեզ էլ է վերաբերելու»:

Հանրային ռադիոյի եթերում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների դադարեցմանը միտված օրինագծերի քաղաքական շարժառիթներին անդրադառնալով «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը առանձնացրել է. - «Ակնհայտ է, որ օրինագծի ընդունումը խփում է հենց նախագահական հավակնություններ ունեցող Սերժ Սարգսյանի ծրագրերին: Ինչո՞ւ է այս անգամ Քոչարյանը որոշել հենց ԱԺ մեծամասնության` ՀՀԿ-ի միջոցով լրատվամիջոց փակել, ինչը հանգիստ կարող էր անել Ամալյանի միջոցով. այս հարցը տալիս ու պատասխան չէին գտնում հանրապետականները: «Ուզում են փչացնել Հանրապետականին` ընտրություններից առաջ, խաղաքարտեր ձեռք բերել». այս տարբերակներն էին շրջանառվում նրանց շրջանում»: «Իհարկե ՀՀԿ-ի այն հատվածի, ում քիչ թե շատ հուզում է կուսակցության վարկանիշը», - նկատել է մեկնաբանն ու բխեցրել. - «Նախագահական ընտրությունների գնացող մեկի համար, անշուշտ, դա թե ժողովրդի, թե միջազգային հանրության հակակրանքին արժանանալու ամենաուղիղ ճանապարհն է»։

Պնդելով, որ 2008 թվականին ՀՀ նախագահի ընտրությամբ «սկիզբ է դրվելու ՀՀ անկախության ավարտն ազդարարող գործընթացին»` «Տարեգիր» թերթի խմբագրականը շեշտադրել է. - «Անհնար է չարձանագրել, որ անկախ Հայաստանը ջանասեր մրջյունի համառությամբ վերադառնում է դեպի վաղուց գոյություն չունեցող Սովետական Հայաստան, դեպի Սովետական Միություն, որը փլվել է անցյալ հազարամյակում ու մնացել այդ հազարամյակի փլատակների տակ։ Մեզ առաջնորդում են այնտեղ, որտեղից փախել ենք», - ընդգծել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Այս երբեմնի կոմսոմոլ նախագահացուները, կագեբեի գործակալի օսլայած օձիքով այս հիտլերիկները, իրենց ճակատագրից մազապո՞ւրծ, թե այդ ճակատագրի դուրսպրծուկ առաջնորդները, իրենց երբեմնի թշվառ «կյանքի որակը բարելաված» այս պատեհապաշտները։ Ու եթե մեկուկես տասնամյակ մեզ բախտ վիճակվեց նվաճել մեր անկախությունը, մեր Սերը, մեր Ինքնուրույնությունը, ապա հիմա կարծես ժամանակն է հրաժեշտ տալու այդ ամենին»։

Իր հերթին «Ազգ» թերթի մեկնաբանը «Ազատություն» ռադիոկայանի խնդրին անդրադառնալով, հռետորական հարցեր է դրել. - «Իսկ ինչպե՞ս պատահեց, որ «Ազատությունը» դարձավ միակ այլընտրանքը մեր հեռուստառադիոլրատվական դաշտում, միակ հույսը լիարժեք լրատվություն ստանալու համար, ինչո՞ւ եւ ինչպե՞ս գոյություն չունեն երկու-երեք հեռուստա կամ ռադիոընկերություն, որոնք միայն պետությանը հարմար տեսակետներ չեն տարածի, այլ` երկրի ընդդիմադիր քաղաքական հատվածինը նաեւ, ինչու պիտի ասենք «Ա1 պլյուս», «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները, գուցե մեկ-երկու ռադիոկայան օր ու գիշեր բազմակարծ եթեր «չտժժացնեին», որոնք գոլորշի բաց կթողնեին, որտեղ այս երկրի ոչնչից չվախեցող մեծամասնությունն իր պետական մոտեցումներով բանավեճերում կոչնչացներ «ապազգային» ընդդիմությանը (թող կարողանար), ժողովրդավարությունն էլ կլիներ ոչ թե թղթի վրա, այլ դե ֆակտո: Որպեսզի ես ամոթի զգացումով չլսեի մեր լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները, թե այսպես ու այսպես` փակում են միակ ազատ խոսքի ամբիոնը, քանի որ այդ ամբիոնի տերը այլ պետություն է»: «Բա լավ, ավելի լավ չէ գետինը մտնենք, եթե մեր լրատվական այլընտրանքն այլ երկիր է ապահովում», - ամփոփել է մեկնաբանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG