Մատչելիության հղումներ

Պեր Սյոգրեն. «Մամուլի ազատության հարցում Եվրախորհուրդը չի հանդուրժի ոչ մի շեղում»


Եվրոպայի խորհրդի արտգործնախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի ղեկավար` Եվրախորհրդում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի` Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակներում այս տարի հատուկ ուշադրություն է դարձրել ընտրություններին, դատական համակարգին եւ մամուլի ազատությանը: Վերջին խնդրի կապակցությամբ խոսքը հիմնականում Ազգային ժողովում քննարկվող վիճահարույց օրինագծերի մասին էր, որոնց ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման վրա: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկուշաբթի օրը կայացած համատեղ ասուլիսում հույս հայտնեց, որ կգտնվի այնպիսի լուծում, որ արդյունքում «Ազատություն» ռադիոկայանը շարունակի իր հաղորդումները Հայաստանում:

Դեսպան Սյոգրենը նախ ասաց, որ մամուլի ազատության հարցում Եվրախորհուրդը «չի հանդուրժի ոչ մի շեղում». - «Սա բացարձակ կարեւորության հարց է, եւ մարդու իրավունքների տեսանկյունից` կարեւորագույն խնդիր»:

Դեսպան Սյոգրենը հրապարակեց իրենց եզրակացությունները. - «Ներկա առաջարկությունները, որ կարող են արգելել օտարերկրյա հաղորդումները, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը Հանրային հեռուստառադիոյի հաճախականություններով, կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ խոսքի ազատության իրավունքի վրա: Եթե նրանք ստիպված լինեն վերահեռարձակվել այլ հաճախականություններով եւ վճարել լրացուցիչ, վիճելի, անհամապատասխանորեն բարձր վճարներ, դա կարող է նրանց ստիպել դադարեցնել հեռարձակումը: Այս մոտեցումը կհակասի հասարակական շահին եւ այն կարեւոր ներդրմանը, որ ազատ մամուլը պետք է ունենա` խրախուսելու համար հանրային բանավեճը, քաղաքական բազմակարծությունը եւ տեսակետների բազմազանությունը»:

«Քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կուսակցությունների արձագանքը այս օրինագծին բացասական է», - ասաց օրվա առաջին կեսին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունեցած դեսպանը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ասաց, որ ինքը լսել է դեսպան Սյոգրենի մտահոգությունները եւ դրանք կփոխանցի իշխանության ներկայացուցիչներին:

«Հույս ունեմ, որ մի այնպիսի լուծում կգտնվի այս բոլորից հետո, որ արդյունքում «Ազատություն» ռադիոկայանը շարունակի իր հաղորդումները Հայաստանում», - հավելեց Օսկանյանը: - «Ես ուղղակի անկեղծ կցանկանայի տեսնել այդպիսի լուծում»:

Հարկ է նշել, որ Ագոյի խմբի ատվիրակությունը այսօր հանդիպումներ ունի Ազգային ժողովի խոսնակի եւ երկրի նախագահի հետ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG